ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. վարչապետի ելույթը ԱԺ-ում՝ 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. վարչապետի ելույթը ԱԺ-ում՝ 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Նա անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին:

«Դուք տեղյակ եք, թե կառավարությունն ինչքան մեծ ուշադրություն և կարևորություն է տալիս կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Առիթներ ունեցել եմ ասել, թե ինչու, չեմ ուզում կրկնել: Ընդամենը ուզում եմ արձանագրել, որ 2023 թվականի բյուջեով 2018 թվականի նկատմամբ կրթության ֆինանսավորման աճը կազմում է շուրջ 70 տոկոս կամ 90.6 մլրդ դրամ: Էլի եմ ուզում արձանագրել, որ տոկոսները հաշվարկված են դրամով, և դրամի արժևորումը որևէ կապ չունի այս տոկոսային աճերի հետ: Իսկ 2022 թվականին մենք հասցրել էինք արդեն կրթության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 59 տոկոսով կամ 71.4 մլրդ դրամով:

Չափազանց կարևոր հեղափոխական գործընթաց է տեղի ունենում հանրակրթության ոլորտում: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որի մասին արդեն շատ ենք խոսել, և որի մասին արժե անընդհատ խոսել, որի արդյունքում ուսուցիչներն իրենք կարող են որոշել աշխատավարձերի կրկնապատկման և երբեմն նույնիսկ եռապատկման մասին: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին է: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան հարյուրավոր ուսուցիչներ, ովքեր կրկնապատկված կամ եռապատկված աշխատավարձն ստանում են: Տխուր եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: Բայց, ոչինչ, մենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին կքաջալերենք, որպեսզի նրանք այդ ուղղությամբ շարժվեն:

 

Նաև 2023 թվականի համար ես խնդիր եմ առաջադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որը ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում՝ համապատասխանաբար դաստիարակների համար: Իհարկե, ի սկզբանե ինչո՞ւ նրանք համակարգի մեջ չեն եղել, որովհետև այս դպրոցների և կրթական հաստատությունների մի մասը եղել են ՏԻՄ համակարգի ներքո, և այստեղ զուտ ֆինանսական և կառավարչական հարցեր կան: Այդ հարցերը պետք է լուծել, բայց միանշանակ է, որ ատեստավորման համակարգն իրեն արդարացնում է, և մենք պետք է շարունակենք գնալ այս ճանապարհով: Ընդ որում՝ մեր քաղաքական ուղերձը հետևյալն է, որ սա մեկանգամյա գործողություն չէ, և ընդհանրապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի շրջանակը հետագայում ընդլայնվելու է այդ համակարգերի վրա՝ իհարկե, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Եվ դա պետք է լինի պարբերական գործընթաց, այսինքն՝ ուսուցիչները և այդ համակարգի մյուս շահառուները պետք է պարբերաբար – դա քաղաքական որոշման հարց է, մենք դա կքննարկենք, կորոշենք – 3, թե 5 տարին մեկ անգամ պիտի անցնեն ատեստավորում, որը կլուծի երկու հարց: Առաջինը՝ պետությունը, հանրությունը վստահ կլինի, որ աշխատանքը վստահել է պատշաճ որակավորում ունեցող մարդկանց, իսկ նրանք՝ աշխատողները կիմանան, որ իրենց որակավորումը հաստատելով, վերահաստատելով, նաև սոցիալական լրացուցիչ երաշխիք են ստանում աշխատավարձերի տեսքով:

Այո, մենք այսօր շատ ուրախ ենք, որ կա հնարավորություն, որ ուսուցիչն այսօր Հայաստանում ստանա 400.000, 450.000 դրամ աշխատավարձ, բայց մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800.000, 900.000, 1 200.000 դրամ աշխատավարձ: Եվ սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ: Այս ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է: Բայց ես նաև ուզում եմ ասել, քանի որ դա շատ կարևոր և երբեմն շահարկումների տեղ տվող թեմա է, մենք մի շարք դեպքերում, մասնավորապես՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների պարագայում, որոնք հիմնականում գյուղական բնակավայրերում գտնվող դպրոցներ են և բնագիտական առարկաների ոլորտում աշխատող ուսուցիչների պարագայում 2023 թվականին կբարձրացնենք աշխատավարձերը առանց նույնիսկ ատեստավորման: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք աշխատում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, և նրանց վարձատրությունը պակաս է մեկ դրույքաչափից, այսինքն՝ մոտավորապես 120 000 դրամից, – ընդ որում, ինչո՞ւ է պակաս, որովհետև գիտեք, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, և նաև ուսուցիչների աշխատավարձն է փոխկապակցված դրա հետ, բայց կա օբյեկտիվ իրականություն, որ կան դպրոցներ, ավելի ճիշտ՝ դասարաններ, որտեղ օբյեկտիվորեն չկան այնքան աշակերտներ, որ ապահովվի ուսուցչի մեկ ամբողջական դրույքաչափը:

Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք լուծում: Դրա արդյունքում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, ովքեր, ի հեճուկս նրա, որ դրույքաչափը մոտավորապես 120.000 դրամ է, ստանում են աշխատավարձ 30.000, 40.000, 50.000: Մենք այդ օբյեկտիվ պատճառներով դրույքաչափից պակաս ստացող ուսուցիչների աշխատավարձը՝ առանց ատեստավորման, կբարձրացնենք: Սա նշանակում է, որ, պատկերավոր ասած, Հայաստանում 90.000 դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի: Բայց եթե այս ուսուցիչները կամավոր մասնակցեն ատեստավորմանը, արդեն այս դրույքաչափը համապատասխան չափերով կավելանա: Նախ՝ դրույքաչափը կրկնապատկվի՝ եթե նախկինում 120.000 դրամ էր, կդառնա 200.000 և ավելի ատեստավորման արդյունքում, դրան կգումարվի ուսուցչի ատեստավորման տոկոսից բխող հավելավճարը՝ 30-ից մինչև 50 տոկոս:

Այս առաջին մասով ուսուցիչ շահառուների թիվը 4418 է, իսկ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներ հավելավճար կստանան, այսինքն՝ բնագիտական առարկայի դասավանդման համար, միջին գործակցին կավելացվի նաև հավելյալ գործակից, և նրանք հավելյալ վճարումներ կստանան: Սա կապ չունի ատեստավորման հետ, բայց եթե այդ ուսուցիչն ատեստավորումն անցնի, բոլոր գործակիցներն արդեն կհաշվարկվեն ավելացվածի վրա, և կվերանայվի բազմահամակազմ դասարանների գործունեության սկզբունքը: Ի՞նչ է սա. գիտեք, որ մենք, ցավոք, ունենք դասարաններ, երբ նույն դասարանում կա 4-րդ, 6-րդ, 8-րդ դասարանի աշակերտ, և ուսուցիչը հիմա բոլորի հետ նույն դասն է անում: Մենք կդարձնենք հետևյալ կերպ՝ եթե 2 աշակերտ է դասարանում, ուսուցիչը դաս կանի այդ 2 աշակերտի հետ, իր ծրագրի դասը, և այդ դասաժամը կվճարվի ինչպես լիարժեք դասաժամ, այսինքն՝ չեն լինի այս խառը դասարանները, բացի 2 առարկայից՝ խոսքը ֆիզկուլտուրայի և արվեստի մասին է, որը, կարծում եմ, տրամաբանական է: Բայց այս դեպքում էլ, որպեսզի արդար լինենք ուսուցիչների նկատմամբ, ֆիզկուլտուրայի և արվեստի ուսուցիչները կստանան 50-75 տոկոսով հավելավճար, ինչը, կարծում եմ, կարևոր է:

Մենք հայտարարել ենք և պլանավորել ենք և իրագործում ենք մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում 2022 թվականի ավարտին կունենանք շահագործման հանձնված 24 դպրոց, 53 մանկապարտեզ, 2023 թվականի ավարտին կունենանք 64 դպրոց, 141 մանկապարտեզ, իսկ 2023 թվականին կմեկնարկի 85 դպրոցի և 130 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում կամ հիմնանորոգում: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս ընկալենք, որ այս ծրագրով ուղղակի ոչ միայն դպրոցների նոր ֆիզիկական ենթակառուցվածք ենք ստեղծում, այլև դրանց արդյունքում պետք է նոր ստանդարտ ձևավորվի, այսինքն՝ դպրոց ասելով մենք պետք է փակենք այն ընկալման էջը, երբ հանդուրժվում է, որ դպրոցը կարող է նույնիսկ միջինից ցածր որակի ֆիզիկական ենթակառուցվածք ունենալ: Ամեն ինչ պետք է լինի նոր ստանդարտի՝ գույնը, ներքին ձևավորումը, դիզայնը և այդպես շարունակ: Իհարկե, մեկ քայլով դրան չենք հասնի, բայց սա մեր նպատակն է, որը պետք է իրագործենք»,-ասել է վարչապետը:

  • Կիսվել: