Մեր ներսում ժողովրդավարության խնդիր չկա, որովհետև եթե նման խնդիր լիներ, վերահաշվարկ չէր լինի. Սիմիդյանը՝ ՔՊ վարչության ընտրությունների մասին
«Որոշ հարցեր են եղել, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկի, վերահաշվարկը տեղի է ունեցել և արդյունքներն էլ հրապարակվել են: Բոլոր ընտրություններում առաջանում են խնդիրներ, դրա համար էլ վերահաշվարկ է լինում: Յուրաքանչյուր խնդրի դեպքում, եթե անհրաժեշտություն է առաջանում որևէ գործողություն անելու, այդ գործողությունն արվում է, այս պարագայում նույնպես: Ո՞րն է այստեղ կեղծիքը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ վարչության կազմի ընտրություններին՝ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարը խոսեց այս ամենը ժողովրդավարությունից դուրս որակումների մասին. «Ժողովրդավարությունը սրա մասին չի՞: Մեր ներսում ժողովրդավարության խնդիր չկա, որովհետև եթե ժողովրդավարության խնդիր լիներ, վերահաշվարկ չէր լինի: Կարծում եմ՝ քաղաքական դաշտում գործող կուսակցությունների մեջ ՔՊ-ն միակն է, որն իր ներսում ընտրություններով է ձևավորում իր վարչությունը»:
Սիմիդյանի խոսքով՝ ՔՊ-ի կազմում պառակտումներ չկան: Անդրադառնալով իր վարչության անդամ չընտրվելուն՝ նախարարն ասաց. «Ես այս տարի չեմ ընտրվել, քիչ ձայն եմ հավաքել, ոչ մի արտառոց բան չկա, 3 տարի հետո կլինեն նոր վարչության ընտրություններ՝ կդնեմ թեկնածությունս, նորից կփորձեմ»:
Lրագրողի հարցին, թե գուցե նախկին իշխանությունների օրոք էլ ընտրությունների ժամանակ շփոթմունքներ են եղել՝ Հակոբ Սիմիդյանը պատասխանեց. «Նախկինում Հայաստանում ընթացող ընտրությունները կեղծվում էին»:



