Մեր իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Վահագն Ալեքսանյան
Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Իրական Հայաստանում ցեղասպանությունը երբևէ տեղ չպետք է ունենա, առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն պետք է չլինի»,-ասաց Ալեքսանյանը:
Նա նշեց նաև 2023-ին ԼՂ-ում հայերի էթնիկ զտման մասին՝ շեշտելով, որ իրական Հայաստանում այլևս երբեք նման բաներ պետք է չլինեն:
«Ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է: Մենք, մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ Ցեղասպանությունը: Ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, դարձնել վաճառելիք արտաքին հարաբերություններում»,-ասաց Ալեքսանյանը՝ դրա մեջ մեղադրելով երկրորդ և երրորդ նախագահներին:
Նա հավելեց. «Մենք վաղը բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը և այցելելու ենք Ծիծառնակաբերդի հուշահամալիր, ինչպես ամեն տարի»: