երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. Վլադիմիր Վարդանյան

Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. Վլադիմիր Վարդանյան

Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի, Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոյի, Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփի, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանը:

Վլադիմիր Վարդանյանը կարևորել է ոչ միայն մեր երկրի` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև ընդգծել ԵՄ ժողովրդավարական երկրների` այդ հարցում աջակցության անհրաժեշտությունը:

Ըստ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` խաղաղությունը երկկողմանի գործընթաց է: «Ավտորիտար պետության հետ մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, սակայն խաղաղության հասնելը երկկողմանի գործընթաց է»,- նշել է Վլադիմիր Վարդանյանն ու հավելել, որ Հայաստանն ապրում է ադրբեջանական ագրեսիայի ամենօրյա սպառնալիքի ներքո:

Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ՝ Արցախում ավելի բարդ է: «Լեռնային Ղարաբաղում կարող ենք ունենալ ցեղասպան իրավիճակ»,- ասել է ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ Արցախը Հայաստանի և քաղաքակիրթ աշխարհի հետ կապում է 5 կիլոմետրանոց ճանապարհ, որը պարբերաբար փակվում ու բացվում է:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի կարծիքով՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: «Խնդիրը պետք է լուծվի միմյանց միջև հավասար հարաբերությունների և տնտեսական կապերի հաստատման ճանապարհով»,- նշել է Քրիստիան Հաասեն ու փաստել, որ իրենք քննադատաբար են մոտենում ադրբեջանական ագրեսիային: «Ադրբեջանը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ագրեսիա տարածաշրջանը կվերածի պայթյունավտանգ տակառի»,- ասել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է եղել տարածաշրջան ԵՄ առաքելությանը: Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ՝ ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կարևոր նշանակություն ունի: «Համարում ենք, որ սեպտեմբերի 12-ից հետո ԵՄ առաքելությունը կայունություն բերեց տարածաշրջանում»,- ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` Հայաստանը թեև փոքր երկիր է, սակայն սահման է ժողովրդավարության ու ավտորիտարիզմի, միջազգային իրավունքի և ագրեսիայի, ժողովրդավարական արժեքների և ռեալ պոլիտիկայի միջև:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով անկեղծ զրույցի համար, ընդգծել է հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման շուրջ, վերահաստատել համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը: Երկուստեք կարևորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու համատեղ ջանքերը:

Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմանի հանդիպումների արդյունքում միջխորհրդարանական կապերն առավել բարձր մակարդակի կհասնեն:

  • Կիսվել: