շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ ԵՄ երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են. Փաշինյան

Մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ ԵՄ երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԵՄ-ում ՀՀ ունեցած քննարկումներին:

«Բնականաբար մեզ հարց է հնչում, թե արդյոք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանը ուզում է դառնալ ԵՄ անդամ: Իմ պատասխանը եղել է, որ այո՛, Հայաստանը ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ, և խոսակցության շարունակությունը եղել է հետևյալը, որ և՛ եվրոպացի գործընկերները, և՛ մենք արձանագրել ենք, որ որևէ երկրի ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չէ: Նախ՝ ԵՄ բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն, և նույնքան կամ ոչ պակաս կարևոր՝ երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին:

Ինձնից մեկնաբանություն են ուզել, թե ոնց եմ պատկերացնում այդ խնդրի լուծումը: Ես ասել եմ հետևյալ կերպ, որ բոլոր դեպքերում մենք բարեփոխումների հավակնոտ ծրագիր և ռազմավարություն ունենք: Այդ ռազմավարությունը մենք էսպես թե էնպես իրականացնելու ենք: Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրով և առաջիկայում կլինի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգը, մենք այդ ամեն ինչի սահմաններում մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, որ օբյեկտիվորեն ՀՀ-ն բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին: Այս կետում կա երկու տարբերակ. կամ Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ, կամ ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ: Եթե Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ՝ շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ, Հայաստանը այդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր: Երկու դեպքում էլ մենք այս ռազմավարությունը չշարունակելու որևէ պատճառ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այլ հարցեր ևս քննարկվել են: «Իհարկե, վիզաների ազատականացման գործընթացը, որը բավականին հաջող ընթանում է: Իհարկե, դա աշխատատար պրոցես է, բայց մենք մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հիմա եվրոպական, ԵՄ անդամ երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, և մարդիկ ամիսներ են սպասում: Այսօրվա հերթագրումից հետո հերթը կարող է հասնել 6 ամիս հետո, 7 ամիս հետո, և դա մեծ պրոբլեմ է: Իհարկե, սա նաև կապված է ինչի՞ հետ. դա էլ եկեք արձանագրենք, որ հոսքը շատացել է դեպի ԵՄ: Եթե չեմ սխալվում՝ 2019 թվականի համեմատ 2024-ին կամ 300, կամ 400 տոկոսով ուղևորությունների աճ է տեղի ունեցել Հայաստանից դեպի ԵՄ: Սա, իհարկե, կապված է ավիացիոն ոլորտի բացված հնարավորությունների հետ: Հիմա երբ ասում եմ, որ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել և այլն, ասում են՝ էլի կտրված է իրականությունից Կառավարությունը: Բա, ժողովուրդ ջան, էդ ինչո՞վ են մարդիկ գնում Եվրոպական միություն, որ մի հատ էլ 6 ամիս հերթ է առաջանում: Դա մարդիկ են, որ ունեն այդ ֆինանսական միջոցը, որ տոմս առնեն, գնան, հյուրանոց վարձեն և այլն, բա որտեղի՞ց, որտեղի՞ց են անում այդ ծախսը: Մարդ, որ գնում է Եվրոպա, որոշակի ծախս պետք է անի, չի կարող 3000 դրամով գնա Եվրոպա, հետ գա: Մենք այս հարցը քննարկել ենք և եվրոպական մեր գործընկերներին խնդրել ենք, որովհետև մենք մի կողմից խոսում ենք ԵՄ-ի հետ մեր աննախադեպ մերձ հարաբերությունների մասին, մյուս կողմից՝ մարդիկ ամիսներով չեն կարողանում վիզայի ընդունելության գնալ, ստանալ-չստանալը երկրորդ խնդիրն  է: Մենք այս հարցերի շուրջ էլ քննարկել ենք»,- ասաց նա:

  • Կիսվել: