չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մեր բուհական ընդունելության համակարգը ճգնաժամի մեջ է». «Փաստ»

«Մեր բուհական ընդունելության համակարգը ճգնաժամի մեջ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնահատման և թեստավորման կենտրոնում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11058 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 8083-ը: 2935 դիմորդ դուրս է մնացել մրցույթից. նրանցից 1546-ը չի հաղթահարել քննության անցողիկ շեմը։ Պետական և ոչ պետական բուհերում առկա է մոտ 15 000 թափուր տեղ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատելու է հուլիսի 30ին: Ինչի՞ մասին են վկայում այս թվերը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ սա խոսում է մեր բուհական ընդունելության համակարգի ճգնաժամի մասին:

«Մեր հասարակական հարաբերությունները ձևափոխումների են ենթարկվել, ընդունելության քննությունների հին կարգերը, պետության կողմից սահմանված տեղերը, առհասարակ, ընդունելության այս համակարգն իրեն վաղուց սպառել է, և պետք է անցում կատարել նոր հայեցակարգով, նոր մոտեցումներով ընդունելության նոր ձևերին: Խորհրդային տարիներին գործող պլանային տնտեսությունից դուրս ենք եկել, այն ենթադրում էր պլանավորում բոլոր ոլորտներում և գործողությունների իրականացում այդ պլանին համապատասխան: Այն ժամանակ կարելի էր հաշվարկել, թե, օրինակ՝ հինգ տարի հետո քանի տնտեսագետ, իրավաբան կամ ֆիզիկոս է անհրաժեշտ լինելու տնտեսությանը: Պետությունը կարողանում էր պատվիրել այդքան տեղեր, բուհերն էլ պատրաստում էին համապատասխան կադրեր ինդուստրիալ հասարակության համար, հետո նրանք էլ արդեն իրենց ուղին գիտեին, թե որտեղ են աշխատելու և ինչ անելու: Իսկ արևմտյան զարգացած երկրներում, որտեղ կրթական համակարգը մեր համեմատ արագացված կերպով զարգանում է, լրիվ ուրիշ համակարգ է գործում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նա կարծում է, որ օր առաջ պետք է անցնել այդ համակարգին: «Դպրոցների շրջանավարտներն իրենց գիտելիքները ստուգում են, երբ ցանկանում են, այդ ընթացքում ձեռք են բերում իրենց գիտելիքները հավաստող փաստաթղթեր՝ բալեր կամ միավորներ: Յուրաքանչյուր տարի համալսարանները, ոչ թե պետությունը, նախարարությունը և այլն, հայտարարում են, որ այսինչ մասնագիտության համար ընդունում են այսքան միավոր հավաքած շրջանավարտներին: Այս դեպքում բացառվում է սթրեսը, պլանավորումը, բուհերն էլ որոշում են, թե որ մասնագիտությամբ քանի դիմորդ ընդունեն, ինչ նվազագույն շեմով բալեր հավաքած դիմորդներին ընդունեն: Դրանից հետո բուհը և ուսանողը որոշում են, թե ինչպես շարունակեն ուսումնառությունը»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում հայեցակարգը, մոտեցումը, փիլիսոփայությունը պետք է փոխվի:

«Ի՞նչ է նշանակում այս մասնագիտության համար սահմանել այսքան տեղ, ընդ որում՝ դրա տակ որևէ ռացիոնալ հաշվարկ չկա, որևէ հետազոտություն չի դրվում, դա արվում է մեխանիկորեն, յուրաքանչյուր տարի կրկնելով նախորդ տարվա մոտեցումները»,ընդգծում է նա: Այս տարի ընդունելության քննությունների ժամանակ գործում էր ՝ «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը: Արդյո՞ք սա որևէ կերպ կլուծի ընդունելության համակարգում առկա ճգնաժամը: «Սա որևէ խնդիր չի լուծելու, հակառակը՝ խորացնելու է ճգնաժամը, որ ունենք դպրոցից համալսարան անցման ճանապարհին: Ով կարող է ժամանակակից աշխարհում հաշվել, պլանավորել, թե այսինչ մասնագիտությամբ քանի մասնագետ մեզ պետք կլինի 4-6 տարի հետո: Ամբողջ աշխարհում բուհերը չեն պատրաստում շատ կոնկրետ մասնագետների, և դա նրանց խնդիրը չէ: Մեզ մոտ բուհերը պետք է պատրաստեն քաղաքացի, կարողություններ ունեցող մարդկանց, որոնք ցանկացած իրավիճակում կարող են վերապրոֆիլավորվել, վերամասնագիտանալ: Պրոցեսները բավականին արագացել են, բուհերն ամեն տարի վերանայում են առարկայացանկը, մեթոդները, սա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, իսկ մենք հետ ենք գնում «միջնադար»:

Սա սխալ է: Այս պարագայում ունենում ենք լավ գիտելիքներ ունեցող շրջանավարտներ, որոնք իրենց առաջին հայտով ընտրած մասնագիտությամբ կարող են չընդունվել, բայց չեն կարող ընտրվել նաև ուրիշ մասնագիտություններով, որոնք մոտիկ են իրենց առաջին հայտի մասնագիտությանը, քանի որ այնտեղ տեղերը կարող են լրացված լինել: Ստացվում է, որ բարձր միավոր հավաքած դիմորդը կարող է դուրս մնալ, իսկ նվազագույն շեմը հաղթահարած դիմորդներն ընդունվեն: Արդյունքում ունենալու ենք համեմատաբար բարձր գիտելիքներ ունեցող դիմորդների կորուստ, բացի դա, շատերի համար մեր կրթական համակարգը ոչ գրավիչ է դառնում, և նրանք փորձում են արտերկրում կրթություն ստանալ: Պետք է հայեցակարգային փոփոխություն»,-ասում է կրթության փորձագետը:

Թափուր տեղերը բավականին շատ են նաև մարզերում գործող բուհերում: Սա հետևա՞նք է սոցիալական խնդիրների վատթարացման, թե՞ շարունակվում է պարտադիր Երևանում սովորելու տենդենցը: «Տենդենցը ոչ միայն կա, այլ ավելի խորանում է: Մարզերից մեր գյուղաբնակ դիմորդները տեղափոխվում են Երևան, այստեղից էլ արտերկիր: Այս հոսքը կա, և այն շատ բացասական տեմպեր է ձեռք բերում: Դա նշանակում է, որ, ըստ էության, դատարկում ենք մեր գյուղերը: Ահազանգել ենք, որ գյուղերում 100-ից ավելի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքներ կան: Դա նշանակում է, որ այնտեղից շրջանավարտները եկել են քաղաք և չեն վերադարձել, ուսուցիչների թափուր հաստիքները հենց դրանով է պայմանավորված:

Կրթության ոլորտում պետական քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ նա ֆինանսավորի համապատասխան բուհերի համապատասխան տեղերը, այսինքն՝ 100 տոկոսանոց կրթաթոշակներ տա: Օրինակ՝ ասի, որ Գավառում, Գյումրիում, Գորիսում և այլուր այսքան թվով ուսանողի այսինչ մասնագիտությամբ դիմելու դեպքում վարձավճարն ամբողջությամբ փոխհատուցում եմ: Այդ դեպքում մարզերի շրջանավարտները ուսում կստանան հենց իրենց մարզերում: Սա կնպաստի նրան, որ երկիրը հավասարաչափ զարգանա, ոչ թե շերեփուկի նման մեծ գլուխ, որը Երևանն է, և պոչը, որտեղ մարզերն են, այնտեղ, ավաղ, չկա տնտեսական, մշակութային, գիտական կյանք»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: