չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեր բոլոր մարտահրավերներն արտաքին են, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ․ վարչապետ

Մեր բոլոր մարտահրավերներն արտաքին են, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ․ վարչապետ

Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ այդ մարտահրավերները բացառապես արտաքին մարտահրավերներ են: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ-ում ունեցած ելույթում:

«Մենք չունենք ոչ մի ներքին մարտահրավեր: Մեր բոլոր մարտահրավերներն արտաքին են, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ, պետք է զարգացնենք այդ օրակարգը, պետք է կարողանանք պաշտպանել այդ օրակարգը և այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովենք Հայաստանի կայուն զարգացումը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք այս մանդատը պարտավոր ենք իրագործել»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող և վիրավորական խոսույթից զերծ միջավայրի ձևավորումը և այդ միջավայրում ՀՀ զարգացման օրակարգը սպասարկելը, այդ օրակարգի շուրջ ազգային միասնություն ձևավորելը և ժողովրդի ու պետության լավագույն ներուժն այս օրակարգի շուրջ համախմբելը կառավարության համար կարևոր առաջնայնություն է:

«Եվ ես կրկին այս օրակարգի սպասարկման շուրջ ուզում եմ համագործակցության ձեռք մեկնել խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենք  կլինեն համագործակցային այնտեղ, որտեղ կա համագործակցության հնարավորություն,  կլինեն ծայրահեղ համբերատար բոլոր այն կետերում, որտեղ չկա համագործակցության հնարավորություն, կլինեն ծայրահեղ համբերատար սադրանքի միջավայրում և մթնոլորտում:  

  • Կիսվել: