չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Մեր առաջարկությունը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացի մասին

Մեր առաջարկությունը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացի մասին

Հայաստանը սահմանազատման շարունակության տրամաբանության հետ կապված գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, սպասում է արձագանքի: 

Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Մենք սահմանազատման շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք նրանց արձագանքին: Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում կարող ենք շարունակել»,–ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ ընդհանուր համաձայնություն կա սահմանազատումը շարունակել հյուսիսից հարավ: «Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ ընկած որ հատվածում իրականացնենք: Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-նշեց նա:

Փաշինյանը չի կարծում, թե փակուղային իրավիճակ է՝ վստահեցնելով, որ հետևողականորեն իրականացնելու են սահմանազատումը շարունակելու ուղղությամբ աշխատանքները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում իրականացվել է Տավուշի հատվածում՝ մոտ 12 կիլոմետր հատված: 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները հունվարի 16–ին կայացած հանդիպման ընթացքում համաձայնության էին եկել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:   

 

  • Կիսվել: