ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեքսիկան ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ արեց հարգել հրադադարի ռեժիմը

Մեքսիկան ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ արեց հարգել հրադադարի ռեժիմը

Մեքսիկան իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Ցավոք, երկու կողմից էլ տասնյակ զոհեր կան: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ասել է Մեքսիկայի ներկայացուցիչ Խուան Մանուել Գոմես Ռոբլեդոյն:

Նա նշել է. ՛՛Ցավալիորեն, այդ իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա: Կողմերին կոչ ենք անում հարգել հրադադարի ռեժիմը: 2020 թ. հակամարտությունը երկու երկրների միջև այդ երկրների քաղաքացիների և քաղաքացիական համակարգերի համար թանկ արժեցավ: Միջազգային հանրությունը պետք է հնարավորն անի նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար:

Կողմերը պետք է հավատարիմ մնան բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի փաստաթղթին: Նրանք պետք է տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կողմերին, որոնք հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեն, համոզել նրանց՝ վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ: Աջակցում ենք բանակցային ջանքերին, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵՄ նախաձեռնություններին: Մեքսիկան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերջ տալ ռազմական ընդհարումներին և վերադառնալ դիվանագիտության ուղի: Դա կօգնի լուծել դեռևս առկա տարաձայնությունները՛՛:

 

  • Կիսվել: