չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք վստահ ենք՝ քաղաքապետ լինելու է «Ազգային առաջընթացի» թեկնածուն․ Հայկ Գրիգորյան

Մենք վստահ ենք՝ քաղաքապետ լինելու է «Ազգային առաջընթացի» թեկնածուն․ Հայկ Գրիգորյան

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին InfoPort.am-ը զրուցել է «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» կուսակցության առաջնորդ, կուսակցության ցուցակի երկրորդ համար Հայկ Գրիգորյանի հետ։ Հիշեցնենք որ ԱԱԿ ցուցակը առաջնորդում է Երևանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, կուսակցությունը ընտրություններում հանդես է գալիս խորհրդանշական 7-րդ համարի ներքո։  

Պ-ն Գրիգորյան, երկու օրից ավարտվում է քարոզարշավը, ինչպե՞ս կգնահատեք այն և ունե՞ք որևէ կանխատեսումներ։  

Քարոզարշավը կոնկրետ մեր մասով շատ արդյունավետ անցավ։ Երևանի բոլոր համայնքներում հասցրեցինք շփվել բնակիչների հետ, նրանցից ստացանք դրական էներգիայի և աջակցության մեծ պաշար՝ չնայած մեր դեմ տարվող ահռելի մասշտաբի հակաքարոզչության։ Կանխատեսում անելու կարիք չկա՝ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի։

Ինչպես նշեցիք, քարոզարշավի ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության և նրա թեկնածուի նկատմամբ ակնհայտ հակաքարոզչություն էր տարվում՝ ընդ որում թե իշխանական, թե ընդդիմադիր թևերից։ Ըստ Ձեզ՝ ինչու՞ ընտրություններին մասնակցող 14 ուժերից հակաքարոզչության թիրախում հայտնվեցիք հենց դուք։

Այն, որ մեր դեմ հակաքարոզչություն էր արվում բոլոր թևերի կողմից խոսում է նրա մասին, որ մեր մասնակցությունն անհարմարություններ է ստեղծել երկու ճամբարների համար էլ, քանի որ մեր մեջ բոլորը տեսնում են հիմնական մրցակից և ֆավորիտ ուժ։

Պ-ն Գրիգորյան, այս ընթացքում «Ազգային առաջընթաց» կուսակցության և նրա թեկնածուի մասով ինչ վարկած ասես չհնչեց՝ էլ, որ դուք ռուսական պրոյեկտ եք և ձեզ ֆինանսավորում է «Գազպրոմը», էլ որ անձամբ Պատրուշևի հովանու ներքո եք գործում, էլ որ Քոչարյանի նախագիծն եք (այս վարկածները հիմնականում իշխանական և մերձիշխանական թևից էին հնչում)։ Ընդդիմադիր ուժերը ընդհակառակը ձեզ մեղադրում են ՔՊ-ի արբանյակը լինելու մեջ, ասում, որ դուք Արևմուտքի պրոյեկտն եք։ Ի վերջո, ո՞վ եք դուք, ու՞մ պրոյեկտն եք, այս վարկածներից որո՞նք են իրականությանը համապատասխանում, որո՞նք ոչ։

Մենք մեր թիմի անդամների պրոյեկտն ենք։ Մնացած «վարկածները», հասկանալի է, մեր քաղաքական օպոնենտների սև PR-ի շրջանակներում կիրառվող տեխնոլոգիաների արդյունք են, որոնք նրանք կիրառում են մեր հանդեպ ունեցած վախի զգացողությունից ելնելով, քանզի, ինչպես արդեն նշեցի, քարոզարշավի հիմնական ֆավորիտը մենք ենք, և նրանց հիմնական ռեսուրսը ուղղվում է մեր ազդեցությունը նեյտրալիզացնելու վրա։ Ինչ վերաբերվում է հարցին, ով ենք մենք իրականում, պատասխանեմ՝ մեր թիմը կազմված երիտասարդ խոստումնալից մասնագետներից՝ իրավաբաններից, ձեռներեցներից, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներից, ուռբանիստներից։ Ինչը շատ կարևոր է՝ նրանք բոլորը քաղաքական տեսանկյունից ունեն անբիծ կենսագրություն, ներգրավված չեն որևէ վարկաբեկիչ քեյսերի մեջ և այլն։ Մի շատ կարևոր հանգամանք էլ ընդգծեմ, որը այս ընթացքում գրեթե չի շեշտադրվել՝ մեր թիմի առանցքային անդամներից մի քանիսը ուղղակի Հայրենիքի նվիրյալներ են, որոնք թողել են իրենց բարեկեցիկ կյանքը արտերկրում (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան) ու տեղափոխվել Հայրենիք մի նպատակով՝ իրենց ավանդը բերել նրա շենացման և զարգացման գործում։         

Պ-ն Գրիգորյան, Ձեր և Հայկ Մարությանի միավորումը տարակուսանք առաջացրեց քաղաքական դաշտում, շատերը գտան, որ դա արհեստական ալյանս էր՝ զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Կմանրամասնե՞ք, ինչպե՞ս կայացվեց ձեր միավորման որոշումը, ի՞նչ շարժառիթներ ու դրդապատճառներ կային դրա համար։

Շարժառիթ չասեմ բայց միավորման հիմքը մեկն էր` մեր ընդհանուր հայացքները ներկա աղետալի վիճակի ու դրանից դուրս գալու լուծումների վերաբերյալ։

Մենք 2018թ ստեղծված կուսակցություն ենք և հասկանում էինք որ հեղափոխություն կոչված երևույթը մեծ հիասթափություն է բերելու ժողովրդին։ Հայկ Մարությանը ևս եկել էր նման եզրահանգումների ՔՊ հետ համատեղ աշխատանքի մեկ տարվա ընթացքում որի համար ՔՊ նրան հեռացրեց պաշտոնից։

Այս մտածողության հենքի վրա էլ ձևավորվեց մեր համատեղ աշխատանքը, որն ի վերջո վերածվեց ընտրություններին համատեղ մասնակցությամբ։ Բացի դրանից կար նաև ընդհանրություն թե երկրի առջև առկա խնդիրների առաջնահերթության, թե դրանց լուծումների տեսլականների և ծրագրերի պահով։ 

Քարոզարշավի ժամանակ շատ է խոսվել նաև այն մասին, թե ինչ կանի «Ազգային առաջընթացը» ընտրություններից հետո, եթե չհավաքի ձայների պարզ մեծամասնությունը, բայց անցնի Ավագանի։ Արդյո՞ք դուք պատրաստ եք կոալիցիա կազմել այլ ուժերի հետ ընդդեմ իշխող ուժի, եթե այո, կա՞ արդյոք կարմիր գիծ, թե որ ուժի\ուժերի հետ ոչ մի պարագայում չեք գնա համագործակցության։

Մենք վստահ ենք՝ մենք ենք ընտրելու քաղաքապետ, այսինքն լինելու ենք մեծամասնություն։

Հակառակ պարագայում մենք լինելու ենք առնվազն 2֊րդը, ուստի կոալիցիայի կազմելու մասին խոսք չի գնում։ Խոսք կարող է գնալ այն մասին, թե 3֊րդ կամ 4֊րդ տեղերը զբաղեցրած ուժերը կնախընտրեն իրենց ավագանու ձայները տալ ի օգուտ մեր քաղաքապետի թեկնածուի, թե կաջակցի ՔՊ֊ին։

Պ-ն Գրիգորյան, որո՞նք են Երևան քաղաքի համար ամենա առանցքային խնդիրները, որոնցով ընտրվելու դեպքում առաջնային պետք է զբաղվեք։

Առաջնայինը, ըստ իս, Երևանի էկոլոգիայի խնդիրն է։ Ինչպես գիտեք, Երևանը համալրում է աշխարհի ամենա  աղտոտված էկոլոգիան ունեցող մայրաքաղաքների շարքը։ Երկրորդ կարևրագույն խնդիրը՝ քաոտիկ քաղաքաշինությունն է և քաղաքի ընդհանուր ծանրաբեռնվածությունը։

Ձեր թիմը ունի՞ այդ խնդիրների լուծման իր տեսլականը։

Անշուշտ, մեր թիմը ունի ոչ միայն այդ, այլև բոլոր հիմնական խնդիրների լուծման իր տեսլականը, որը մանրամասն արտացոլված է մեր նախընտրական ծրագրում։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այդ խնդիրներին, ապա թռուցիկ թվեմ դրանց լուծման հիմնական քայլերը․ էկոլոգիական խնդիրների (անապատացում, օդի աղտոտվածություն, փոշու բարձր կոնցենտրացիա) լուծման համար մենք նախատեսում ենք անգամներով մեծացնել մայրաքաղաքի կանաչ և ջրային զանգվածները, ընդ որում, դա արվելու է նաև շինթույլտվությունների վերանայման հաշվին։ Օդի աղտոտվածության խնդիրը պատրաստվում ենք մասամբ բարելավել տրանսպորտային ռեֆորմի հաշվին՝ այսինքն գերապատվությունը տալով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի շահագործմանը։             

Անդրադառնալով քաղաքաշինական և քաղաքի գերծանրաբեռնվածության խնդիրներին, պետք է ընդգծեմ, որ դրանց լուծման հիմքում պետք է լինի Երևան քաղաքի նոր հատակագիծը, որում շեշտը պետք է դրվի քաղաքի համաչափ զարգացման, բեռնաթափման, համանման քաղաքաշինական նորմերի ներդրման վրա։    

 Եվ վերջում՝ Ձեր խոսքը երևանցիներին՝ ընտրություններից առաջ։

Խնդրում եմ բոլոր երևանցիներն գնալ ընտրության և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Մենք մասնակից ուժերից հաղթանակին մոտ կանգնած ամենաիրատեսական ընդդիմադիր ուժն ենք, որը կարող է բերել համակարգային փոփոխություններ Երևանին, ուստի հիշեցնեմ՝ մեր քվեաթերթիկը համարը 7֊ն է։

Շնորհակալ ենք, պարոն Գրիգորյան հարցազրույցի համար, մաղթում ենք ձեզ հաջողություն առաջիկա ընտրություններում։

  • Կիսվել: