կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք մեր համաքաղաքացիներին խոստանալու ենք՝ մեր նախընտրական ծրագիրը 75%-ից պակասի իրագործման դեպքում, հրաժարական ենք տալու. Հայկ Գրիգորյան

Մենք մեր համաքաղաքացիներին խոստանալու ենք՝ մեր նախընտրական ծրագիրը 75%-ից պակասի իրագործման դեպքում, հրաժարական ենք տալու. Հայկ Գրիգորյան

Օրերս ի թիվս այլոց Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին հայտարարեց նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Թեմային անդրադարձավ նաև հեղինակավոր BLOOMBERG-ը, նշելով, որ չնայած ԱՄՆ-ում կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանի հաջողակ իրավաբանական գործունեությանը, նա պատրաստվում է վերադառնալ հայրենիք և մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու:

Այս առնչությամբ InfoPort.am-ը զրուցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ` պարզելու համար, թե ինչու նա որոշեց թողնել իր հաջողակ իրավաբանական գործունեությունը ԱՄՆ-ում և մասնակցել երևանյան ընտրություններին, ինչպես նաև տեղեկանալու կուսակցության ծրագրերին և ապագա պլաններին:

-Պ-ն Գրիգորյան, օրերս դուք հայտարարեցիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, շուտ չէ՞ր մի քիչ նման հայտարարության համար, ընտրություններին դեռ մեկ տարի կա:

-Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշում էր ընդունել դեռևս ս․թ․ հունիս ամսին, սակայն դրա մասին հրապարակային չէր հայտարարվել։ Մենք դրա մասին հայտարարեցին միայն սեպտեմբերին, երբ արդեն մի քանի քաղաքական ուժեր ոչ միայն հայտնեցին ընտրություններին իրենց մասնակցության մասին, այլև սկսեցին ակտիվ քարոզորշավ իրականացնել: Այդ ֆոնին մենք ևս որոշեցինք հրապարակայինացնել մեր կուսակցության որոշումը, որպեսզի հանրությունը իմանա, որ բացի «ներկա-նախկին» կամ «սև-սպիտակ» ձևաչափից գոյություն ունի նաև իրական, որակյալ, ասելիք ունեցող և փոփոխություններ բերող այլընտրանք։

-Կանխատեսո՞ւմ եք արդյոք արտահերթ ընտրական գործընթացներ երևանյան ընտրություններում:

-Հայաստանյան իրականության պայմաններում ամեն բան էլ հնարավոր է, հատկապես, երբ իշխող ուժը արդեն փոխքաղաքապետ է նշանակել իր քաղաքապետի թեկնածուին։ Այսինքն՝ փաստացի Երևանի կառավարումը հանձնվում է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուին, իսկ նա բնականաբար կորոշի ընտրությունների անցկացման իր համար ամնաբարենպաստ պահը։ Ամեն դեպքում մենք որպես քաղաքական ուժ պատրաստ ենք թե արտահերտ, թե հերթական ընտրություններին։

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ավագանու ընտրություններում:

-«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գրացնվել է 2018թ, և նույն տարվա դեկտեմբերին մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին՝ ստանալով ամենշատ ձայները իր ծախսած նախընտրական գումարի համեմատությամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը ցանկանում եմ ընդգծել։  Գալիք ընտրությունները լինելու են վճռորոշ մեզ համար։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կայծակնային արագությամբ իշխանության գալն ունի լուրջ բացասական հետևանքներ։ Որևէ ինքնուրույն և ինքնաֆինասավորվող քաղաքական ուժ ի վիճակի չէ միանգամից գալ իշխանության, հետևաբար այն պետք է անցնի քաղաքական որոշակի հետագիծ, ստանա հասարակության աստիճանական վստահությունը։ Հասարակության զանգվածային և կույր հավատի միջոցով կայծակնային իշխանության գալու դառը հետևանքները մենք բոլորս տեսնում ենք։ Հատևբար, որպես երկրի կառավարման ղեկը ստանձնելու հեռահար նպատակ ունեցող քաղաքական ուժ, մենք որոշել ենք առաջին քայլը կատարել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելով: Վստահության քվե խնդրելով մեր քաղաքացիներից` մենք գործով ապացուցելու ենք, որ քաղաքական դաշտում ամենապատրաստված և առավել մեծ ծավալով գործ անելու ընդունակ քաղաքական ուժն ենք։ Դա ապացուցելու ենք Երևանի ավագանիում մեր աշխատանքով, որ կարողանանք մի քանի տարի անց մեր համաքաղաքացիներից խնդրել ԱԺ անցնելու, իսկ ապա նաև երկրի կառավարումը ստանձնելու մանդատ։ Սա է մեր պատկերացումը և սա է մեր անկեղծ ուղերձը ՀՀ քաղաքացիներին։

Բնականաբար Երևանն ունի բազում խնդիրներ, որոնք այդպես էլ չլուծվեցին, և որոնց մասին բոլորը շատ լավ տեղյակ են։ Այս պահին չեմ ցանկանա կետ առ կետ անդրադառնալ մեր նախընտրական ծրագրին, վստահ եմ՝ ժամանակին դա կհրապարակվի և կքքնարկվի նախընտրական քարոզչության ընթացքում։

-Արդեն բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարել են երևանյան ընտրություններին մասնակցելու մասին, դեռ շատերն էլ կհայտարարեն, ի՞նչ ունեք դուք առաջարկելու երևանցուն, որ, ըստ Ձեզ, չեն կարող առաջարկել այլ ուժեր:

-Եթե ուշադիր նայենք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին, կտեսնենք, որ նրանք կամ նախկիններ են, կամ նախկին իշխանության աջակից, կամ ներկա իշխանություն, կամ ներկաների աջակից։ Այս առումով, մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա, ոչ նրանցից որևէ մեկի աջակից։ Մենք Հայաստանի և հայ ժողովրդի ապագայով իսկապես մտահոգ մարդիկ ենք։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Նախկին ու ներկա իշխանությունները հնարավորություն են ունեցել դրսևորելու իրենց, կարող էին լուծել Երևանի խնդիրները, որոնք սակայն շարունակում են մնալ չլուծված: Ուստի, ինչու՞ պետք է երևանցիները նորից վստահեն նույն մարդկանց։

Մեր ընտրողները պետք է հասկանան, որ Հայաստանը չունի զարգացման հեռանկար ոչ նախկինների, ոչ ներկաների և ոչ էլ նրանց այս կամ այն կերպ աջակցող կամ աջակցած ուժերի իշխանության օրոք։ Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ դրսից կառավարվող և ոչ հայակենտրոն անհատը կամ ուժը երբեք ի վիճակի չի լինելու զարգացնելու Հայաստանը։ Ես լսում էի Հայաստանի նախկին նախագահներին և գործող վարչապետին, և ապշում՝ ինչպես են այս մարդիկ ներկայացրել հայ ժողովրդին։ Անկախության հիմնադիր հայր համարվող նախագահն իր էությամբ ռուսասեր է, ոչ թե հայասեր։ Նրան հաջորդողները ևս։ Գործող վարչապետը ընդհանրապես անբացատրելի երևույթ է, և շատ դժվար է գնահատել, թե այս չորսից որն է ավելի վնաս պատճառել Հայաստանին և հայ ազգին։

Մենք առաջարկում ենք ազնիվ քաղաքական գործիչների, անբասիր անցյալով մարդկանց թիմ, ինքնաֆինանսավորվող կուսակցություն, որը կերաշխավորի նրա անդամների անկախությունը։ Մենք առաջարկում ենք նաև քաղաքային զարգացման ոլորտում (ուրբանիզացիա) ԱՄՆ փորձը, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերի, նախագծերի հանրային քննարկման և ընդունման ոլորտում։

Մենք չենք դիտարկում քաղաքականությունը որպես գումար աշխատելու միջոց։ Մենք քաղաքականությունը համարում ենք հասարակությանը ծառայելու պարտականություն, որը ստանձնելու դեպքում պետք է բարեխիղճ ծառայել կամ հեռանալ։

Մենք նաև ունենք գործարար կապերի լայն հնարավորություններ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպական մի շարք երկրներում, ինչի շնարհիվ կարողանալու ենք ներգրավել հայազգի գործարարներին հայաստանակենտրոն ծրագրերում։ Երևանի մասով հատկապես կան մի շարք նախագծեր, որոնք մենք իրագործելու ենք մեր սփյուռքահայ գործարարների աջակցությամբ։

Եվ ամենակարևորը, մենք մեր համաքաղաքացիներին խոստանալու ենք՝ մեր նախընտրական ծրագիրը 75%-ից պակասի իրագործման դեպքում, հրաժարական ենք տալու, մեր հրաժարականի դիմումներն էլ նախընտրական ծրագրի հետ ներկայացնելու ենք հանրությանը: Այս քայլով մենք ուզում ենք ընդգծել, որ քաղաքական գործիչը պետք է լինի պատասխանատու իր խոստումներում, և դա մենք ցույց ենք տալու մեր օրինակով: Հնարավորության դեպքում մենք սա ամրագրելու ենք օրենքով։

Եվ վերջապես, մեր թիմը կենտրոնանալու է Երևանի բարեկարգման ծրագրերի վրա, և չի ներքաշվելու քաղաքական խաղերի, «սև-սպիտակ» պայքարի և քաղաքական թատրոնի մեջ։  Եթե ցանկանում եք տեսնել իրական փոփոխություններ, այլ ոչ թե միայն լսել դրանց մասին սին խոստումներ, ապա միանշանակ ձեր ընտրությունը պետք է լինի «Ազգային առաջընթացը»։

-Ինչո՞ւ Ձեր կուսակցության ընտրությունը կանգ առավ հենց Ձեր թեկնածության վրա` որպես քաղաքապետի թեկնածու:

-Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, երկար տարիներ զբաղվել եմ փաստաբանական գործունեությամբ թե ՀՀ-ում և թե ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում ես նաև երկար տարիներ իրականացրել եմ շինարարական նախագծման և կառուցապատման աշախատանքներ, լավատեղյակ եմ դրա  իրավական և նորմատիվային ասպարեզներից: ԱՄՆ ունի աշխարհում լավագույն քաղաքաշինական և նախագծային համակարգերից մեկը։ Այսինքն՝ աշխատանքի բերումով ես տիրապետում եմ այս ոլորտի թե հայաստանյան և թե ամերիկյան փորձին, և պատրաստ եմ այն լավագույնս սինթեզելու և ներդնելու Երևանի զարգացման ծրագրերի հիմքում:

Ես նաև աշխատել եմ բանկային համակարգում թե ՀՀ-ում և թե ԱՄՆ-ում, և գիտակցում եմ հանրային ֆինանսների էֆեկտիվ կառավարման հրամայականը քաղաքի զարգացման գործում, ինչը գրեթե չի կիրառվում Երևանի պարագայում։

Նշենք, որ «Գրիգորյան» իրավաբանական ընկերությունը գործում է Լոս Անջելեսում և մասնագիտացած է «բռնագանձում և անշարժ գույքի նկատմամբ դատական վեճեր» ոլորտում:

Գրիգորյան իրավաբանական ընկերության հիմնադիր Հայկ Գրիգորյանն իր սահմանադրական իրավունքի մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի Պետական համալսարանում, իսկ հարկային իրավունքի մագիստրոսի կոչումը՝  Վաշինգտոնում։ Նա Կալիֆորնիայի նահանգային իրավաբանների միության ակտիվ անդամ է, իսկ այժմ ուսանում է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում՝ «քաղաքականություն» մասնագիտացմամբ։

  • Կիսվել: