երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի. ԵՄ դեսպան

Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի. ԵՄ դեսպան

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրեսին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է համագործակցության տարբեր ոլորտներին՝ նշելով, որ Հայաստանն ու ԵՄ-ն հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ուղղություններով: 

- Անդրադառնալով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական և համապարփակ հանգուցալուծման և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողի հարցին, դեսպանը պատասխանել է:

- Նախևառաջ՝ Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան միջավայր, որը կերաշխավորի առաջընթաց Ձեր նշած մի քանի հարցերում: Այս համատեքստում պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին: 2020 թ. պատերազմի ավարտից ի վեր մենք ներգրավված ենք գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում:

- Ստեղծված աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավաչափը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել հարցին ի պատասխան ԵՄ դեսպանը նշել է.

- Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացը, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի  եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված:

Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին:

Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց, կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով:

- Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ հատկապես հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության առումով «Արմենպրեսի» հարցին դեսպան Վիկտորինը պատասխանել է.

- Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին: Հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը: Հույս ունենք, որ սա կտանի դեպի կարգավորում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի:

  • Կիսվել: