կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ալիեւի հայտարարությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին․ Աղաջանյան

Ալիեւի հայտարարությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին․ Աղաջանյան

Հայաստանի շահերից է բխում այն, որ հնարավորինս արագ նվազեցվի թշնամիների քանակը: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը։

«Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարքագիծը թշնամական է, դա պետք է արձանագրել եւ դրանից ելնել: Մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ձեւավորման կողմնակիցներ ենք: Մենք չենք կարող մոռանալ Արցախում վերջին պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին: Սա չի կարող չընդգրկվել հարաբերությունների օրակարգում: Հայոց ցեղասպանության հարցը կմնա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Մենք կշարունակենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»,- հավելեց Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պատգամավորը բացատրեց, որ Ալիեւի հայտարարությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին․ «Բայց մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Բաքուն բերվի կառուցողական դաշտ եւ, առաջին հերթին, ստիպենք Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել է նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին: Սա բխում է Հայաստանի շահերից: Մեզ համար կարեւոր է մնում գերիների վերադարձի հարցը»։ 

 

  • Կիսվել: