երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ալեն Սիմոնյան

Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ալեն Սիմոնյան

Ես ողջունում եմ Արցախի ԱԺ հայտարարությունը և շատ դրական եմ գնահատում այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ Արցախում, միևնույն ժամանակ, դա չի խանգարում և հետադարձ որևիցե ձևով ստվեր չի գցում այն փաստի վրա, որ մենք մշտապես մասնակից ենք դարձնում Արցախի իշխանություններին. այս անգամ արդեն ավելի ենք խորացել, և պառլամենտական իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես շփումների մեջ ենք: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե Արցախի ինքնորոշման իրավունքից ՀՀ իշխանությունը հրաժարվել է, ապա Սիմոնյանը չհամաձայնեց դրա հետ:

«Ես իմ հարցազրույցներում ասում եմ` Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքն իրավունք է, մեզ համար հետևողական հետապնդվող նպատակներից մեկն է, և որևիցե մի տեղ չեք գտնի, որ նման բան չի ասվել: Որևիցե մեկը չի ասել, որ ինքնորոշման իրավունքն իրավունք չէ և այլևս գոյություն չունեցող թեզ է»,- ասաց ԱԺ նախագահը: 

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Սոչիում և Պրահայում քննարկվել է մեծ մասամբ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը:

«Սոչիում ու Պրահայում և այլուր հայաստանյան իշխանությունն ասում է և մշտապես ասելու է, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը և Արցախի հետագա բոլոր խոսակցություններն անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների ներկայացուցների կողմից և մասնակցությամբ: 

Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, մեծ փոփոխություն չկա: Որևիցե ձևով չի փոխվել դիրքորոշումը: Պարզ է՝ պատերազմ է եղել, պարզ է՝ շատ բան է փոխվել, աշխարհաքաղաքական բաներ են փոխվել, և դրանք ստիպում են ինչ-որ փոփոխություններ անելու, բայց հիմնական առումով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

02 Նոյեմբեր, 2022 14:21

  • Կիսվել: