հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

Մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ամանորյա ուղերձ է հղել՝ նշելով, որ մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել և լինելու է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանն իր ուղերձում ընդգծել է.


«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր,

Քիչ անց կճանապարհենք 2021 թվականը... Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու և պայքարելու ևս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ և հաղթանակներ:

Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաև 2020 թվականի ցավոտ արձագանքը և ստիպում մեզ նորից ու նորից ետ նայել և վերլուծել մեր 30 տարվա ճանապարհը:

Այո՛, մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել և լինելու է…

Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորը իրար ներելու հրաշալի ժամանակահատված է, ուստի եկեք օգտագործենք այս վերջին րոպեները նաև միմյանցից ներողություն խնդրելու նպատակով՝ մեր անզգույշ խոսքերի, թերացումների, արված սխալների և բացթողումների համար:

Այսօր ես ուզում եմ, որ մենք վստահությամբ նայենք դեպի ապագան, և Ամանորն ամենահարմար առիթն է մեր ընտանիքների, հարազատների կողքին լինելու, նրանց բարի խոսքեր ասելու, սեր ու ջերմություն տալու համար:

Սիրե՛ք, շատ սիրե՛ք իրար, բազմապատկե՛ք մեր երկրի անհատական և ազգային հաղթանակները: Ամանորը հրաշքների ժամանակ է, բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ միասին մենք կարող են հրաշքներ գործել ամեն օր՝ մեր աշխատանքի, մեր միասնականության և հայրենասիրության շնորհիվ…

Թո՛ղ նոր տարին հաղթանակներ ու հաջողություններ բերի մեր երկրին,

Թո՛ղ նոր տարին առողջություն և բարեկեցություն բերի մեր ընտանիքներին,

Թո՛ղ նոր տարին երջանկություն և ժպիտ բերի հայի աչքերին,

Թո՛ղ նոր տարին խաղաղություն և ուրախություն բերի մեզ բոլորիս…

Աստված մեզ պահապան,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

  • Կիսվել: