Մենք պետք է ունենանք միայն ՀՀ շահի համար աշատող հայկական հետախուզական կառույց․ Խաչատուր Սուքիասյանը՝ ԱՀԾ ստեղծելու մասին
«Արտաքին հետախուզությունը շատ կարևոր ինստիտուտ է ՀՀ-ի համար։ Մենք պետք է ունենանք հայկական նման հետախուզական կառույց, որը պետք է աշխատի միայն ու միայն ՀՀ շահի համար։ Դրանով մենք անվտանգային շատ կարևոր խնդիրներ ենք լուծում։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ կառույցը ստեղծվի, ինչքան գումար որ պետք է՝ պետք է հատկացնենք։ Ինչքան հնարավոր է, ՀՀ ամեն քաղաքացի պետք է նպաստի, որ այդ կառույցը լինի լուրջ, հզոր և շատ խնդիրներ լուծի ՀՀ-ի համար»,- ԱԺ արտահերթ նիստում նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու մասին հարցի քննարկմանը։ Ըստ նրա՝ այս մարմինը հնարավորություն կտա մեր երկրի համար կարևոր տեղեկություններ հավաքագրել։
Սուքիասյանը՝ արձագանքելով նաև նախորդիվ հնչած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, նշեց․ «Պարո՛ն Խաչատրյան, երբ ասում եք «վագրային, չգիտեմ ինչային թռիչքներ»՝ պաշտոն եք զբաղեցրել, վերցրեք վիճակագրությունը, նայեք այսօրվա պահուստները, այսօրվա կառույցներում ընդհանուր ֆիզիկական անձերի աշխատավարձի չափը, նայեք նրանց տված հարկերը, նայեք, թե բանկային համակարգում ինչքան դեպոզիտ գումարներ կան, ավանդներ կան, նոր դրանից հետո խոսենք։ Անհարմար է, հասարակությունը լսում է՝ լուրջ մարդիկ ենք ու Դուք էլ երկար ժամանակ պաշտոն եք զբաղեցրել, նախարար եք եղել, հիմա ո՞նց եք դու եկել , այսօրվա ունեցած մեր թվերը աղավաղում։ Նայե՞լ եք այսօրվա թվերը»։



