երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մենք պետք է սատարենք Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարին. ԱՄՆ կոնգրեսական

Մենք պետք է սատարենք Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարին. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկացի հայամետ կոնգրեսականներ, Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամներ, Լոս Անջելեսի մարզի ու քաղաքային իշխանության տասնյակ ներկայացուցիչներ և հայկական կազմակերպությունների անդամներ հավաքվել էին՝ միասին լսելու ԱՄՆ-ի նախագահին։

1lurer.am փոխանցմամբ, Ջո Բայդենի ուղերձից անմիջապես հետո հրավիրած ասուլիսում կոնգրեսական Ադամ Շիֆը երախտագիտություն հայտնեց հայ համայնքին տասնամյակների ջանքերի և ամեն անգամ հուսախաբ լինելուց հետո չկոտրվելու և պայքարը շարունակելու համար։
 
Ադամ Շիֆ- ԱՄՆ կոնգրեսական- Ճանաչումը եղավ շատ կարևոր պահի, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին պատերազմ սկսեցին հայ ժողովրդի դեմ, երբ Հայաստանում և Արցախում կրկին վախ կա մեկ այլ ցեղասպանության։ Նախագահի կամքը խոսել ճշմարտության մասին, հաստատում է, որ ԱՄՆ-ը սատարում է իր դաշնակիցներին, և չի կանգնում ավտոկրատ բռնապետների կողքին, որոնք սպանում են իրենց հարևաններին։ Ես երախտագիտություն եմ հայտնում նախագահ Բայդենին՝ ճշմարտությունը բարձրաձայնելու և խոսքի տերը լինելու համար։
 
Կոնգրեսական Ջուդի Չուի խոսքով՝ ճանաչման քայլը նշանակում է, որ ԱՄՆ-ը ոչ միայն չի մոռանա Հայոց ցեղասպանությունը, այդ ողբերգության զոհերին, այլև դրա հետևանքները։
 
Ջուդի Չու- ԱՄՆ կոնգրեսական- Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա ցույց տվեց, որ դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են արմատախիլ անել հայ ժողովրդին։ Մենք պետք է սատարենք հայերի ինքնորոշման իրավունքի պայքարին։ Ցավոք, չենք կարող չեղարկել անցյալը, բայց կարող ենք ազնիվ լինել՝ ճանաչելով ցեղասպանությունը և ապահովագրել, որ նրանց կրկին ոչինչ չի պատահի։
 
Ջիմի Գոմես- ԱՄՆ կոնգրեսական - Այսօր չէ, որ ճշմարտությունը հայտնի դարձավ: Այն միշտ հայտնի էր, պարզապես մարդկանց հարյուր տարի պետք եղավ, որ խոսեն դրա մասին։ Այս ճանաչումը ուղերձ է Թուրքիային և մյուսներին, որ հայ համայնքը և Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար։ Բայց գործն այսքանով ավարտված չէ։
 
Հայ գործիչները փաստում են, որ ճանաչումը վերջ է դնում Թուրքիայի մերժողականությանը ԱՄՆ-ի մեղսակցությանը՝ մեկընդմիշտ և դուռ բացում պատասխանատվության և արդարադատության համար։ 
 
Միևնույն տրամադրություններով ամերիկահայերը հավաքվել էին Հոլիվուդի կենտրոնում՝ ամենամյա քայլարշավի։ Օրվա երկրորդ կեսին մեկ այլ բողոքի ակցիա կազմակերպեցին երիտասարդների՝  Թուրքիայի հյուպատոսության դիմաց։ Նրանք փաստում են, որ ԱՄՆ-ը վերջապես թոթափեց ճշմարտությունը շրջանցելու՝ Թուրքիայի պարտադրանքը։ Երիտասադրները շեշտեցին, որ ճանաչմանը պետք է հաջորդեն պատասխանատվությանն ու արդարադատությանն ուղղված քայլերը։

  • Կիսվել: