Մենք պատրաստ ենք հնարավորության դեպքում մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԱԽ քարտուղար
Մենք առաջնային ուզում ենք բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ պայմանավորածություններ ենք ունեցել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն հարցին, որ եթե ՀՀ-ն ուզում է բանակցությունները շարունակել, ապա ինչու՞ չի գնում Մոսկվա այն դեպքում, երբ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ ռուսական կողմը պատրաստակամություն են հայտնում։
Գրիգորյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այս ձևաչափով՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և հնարավորության դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակներում, օրինակ՝ Վաշինգտոնում, այդ բանակցությունները շարունակելու։ Հայաստանը պատրաստակամ է, և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա՛՛։
Խոսելով այն մասին, թե ինչու հայկական կողմը, այնուամենայնիվ, Մոսկվա չի գնում՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ ՛՛Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում և որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել՛՛:
Ղազարյանի ճշտող հարցին՝ Մոսկվայից առաջարկներ չե՞ն եղել, նա նշեց, որ տեղյակ չէ նման առաջարկների մասին։