չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք պատրաստ ենք ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց ՀՀ-ի կողմից պաշտոնական արձագանք չկա. Ալիև

Մենք պատրաստ ենք ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց ՀՀ-ի կողմից պաշտոնական արձագանք չկա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, տեղեկացնում է  minval.az-ը:

Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես բազմիցս բարձրաձայնել եմ իմ կարծիքը. մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սկսել նման աշխատանքներ, բայց Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար՛՛:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտել է իր լուծումը: Ադրբեջանը հակամարտությունը լուծել է միակողմանի կարգով:

Նա հավելել է. ՛՛Եթե այս հարցը չի լուծվել, թող մեզ բացատրեն, թե այն ինչպես պետք է գտնի իր լուծումը: Մենք հավատում ենք, որ պատերազմի ժամանակաշրջանն ավարտված է: Բայց, չնայած դրան, մենք պատրաստ ենք և ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությունը չի լուծվել, ինչպե՞ս է նա տեսնում դրա լուծումը: Ի՞նչը չի լուծվել:

Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր: Այս արտահայտությունն այլևս հնարավոր չէ օգտագործել: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ՛՛:

Հիշեցնենք, Ալիևն ավելի վաղ հանդես էր եկել հերթական ապակառուցողական հայտարարությամբ՝ նշելով. ՛՛Ամբողջ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են՛՛:

  • Կիսվել: