երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք նույնիսկ մոտ չենք դատական իշխանության իրական անկախությունն ապահովելուն․ Բադասյանը պատասխանել է Վարդազարյանին

Մենք նույնիսկ մոտ չենք դատական իշխանության իրական անկախությունն ապահովելուն․ Բադասյանը պատասխանել է Վարդազարյանին

Ցավոք սրտի, մենք չենք հասել, նույնիսկ մոտ չենք դատական իշխանության իրական անկախությունն ապահովելուն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն հայտարարությանը, թե այսօր առավել, քան երբևէ, դատարաններն ազատ են։

Բադասյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Այն դժգոհությունը, որ կա՝ սկսած քրեական գործերից, ավարտված քաղաքացիական ու վարչական գործերով, և հանրության դժգոհության ալիքը, որ կա, երևի թե հուշում է, որ ԲԴԽ-ն պետք է զբաղվի, օրինակ, նաև այդ հարցերով։ Այդ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ, կարծում եմ, պատասխանատվություն պետք է զգա, և շատերը զգում են, և այդ հարցերը պետք է քննարկման առարկա դարձնեն, ոչ թե խառնվեն օրենսդիրի գործերին՛՛։

Նա խոսեց ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագծի մասին: Անդրադաենալով դիտարկմանը, թե Վարդազարյանն ասել է, որ ԲԴԽ առաքելությունը դատավորների անկախության ապահովումն է, մինչդեռ այս նախագծի ընդունման դեպքում դատավորները կախման մեջ են ընկնում ԲԴԽ-ից՝  նախարարը նշեց. ՛՛ԲԴԽ լիազորությունը չի սահմանափակվում միայն դատավորների անկախությունը երաշխավորելով կամ պաշտպանելով, այդ մարմինը Սահմանադրությամբ սահմանված բազմաթիվ լիազորություններ ունի՛՛։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Վարդազարյանն ասել է, որ փողոցում իրեն մոտենում են քաղաքացիներ ու ասում՝ դատական համակարգն անկախ է, Բադասյանն ասաց.՛՛Ինձ թվում է՝ պարոն Վարդազարյանն ուղղակի Բաղրամյան պողոտայով է այդ ժամանակ անցել, ուրիշ տարբերակ չկա՛՛:

Նախարարը խոսեց նաև ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նա, պատասխանելով հարցին, թե մինչ ընտրությունները կլինի՞ նոր Ընտրական օրենսգիրք, ասաց, որ քաղաքական վերջնական որոշում չկա. ՛՛Կարծում եմ՝ լավագույն լուծումն այն է, որբ առանց ռեյտինագային համակարգի, մաքուր համամասնական տարբերակով, առանց քողարկված մեծամասնական համակարգի տարրերի՝ լինեն ընտրություններ՛՛: Բադասյանը հավելեց նաև, որ հարցն ԱԺ-ում է:

Ըստ նրա՝ մշակված ԸՕ-ն բավական առաջադեմ է և կարժանանա Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին։ ՛՛Կարծես ապրիլի ավարտին կլինի նախնական կարծիք։ ԸՕ փոփոխություններն անպայման պետք է իրագործվեն՝ անկախ նրանից՝ արտահերթ ընտրություններին ինչ տարբերակ կլինի, շատ կարևոր է, որ հետագա ընտրական պրոցեսներին նոր ԸՕ-ն ուժի մեջ մտնի՛՛,-ասաց նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե ընդունու՞մ է արդյոք, որ իշխանության բացթողումն է, որ երեք տարի անցել է, սակայն ԸՕ-ն դեռևս փոխված չէ, Բադասյանն ասաց, որ իրենց գործողություններում միգուցե որոշակի դանդաղկոտություն է եղել:

  • Կիսվել: