երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մենք նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ. Տաթևիկ Ռևազյանը՝ Իրանի օդային տարածքը շրջանցելու մասին

Մենք նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ. Տաթևիկ Ռևազյանը՝ Իրանի օդային տարածքը շրջանցելու մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը պնդում է՝ դեպի Իրան թռիչքների իրականացման հարցում կարող է խնդիր առաջանալ, ինչի պատճառով էլ հորդորել են շրջանցել Իրանի ու Իրաքի օդային տարածքները:


«Որպես քաղավիացիայի կոմիտե մենք պարտավոր ենք հայտարարել որևէ ռիսկ, որ կարող է առաջանալ չվերթի ընթացքում: Բայց ի վերջո ավիաընկերությունը, թռիչքային անվտանգության պատասխանատուն ինքն է որոշում կայացնելու` ինքը մեր ռեկոմենդացիներին լսելո՞ւ է, թե՞ ոչ: Մենք նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ: Այսինքն՝ մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ շատ սերտորեն և այդ ռեկոմենդացիները գալիս են միջազգային կառույցներից, որ հիմա չարժի Պարսկաստանի օդային տարածքով թռնեն և պետքա զգույշ լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորություն», -նշված էր Կոմիտեի հայտարարության մեջ:

  • Կիսվել: