«Մենք մտադիր չենք շարունակել սպասել, թե երբ հայկական կողմը պատրաստ կլինի իրականացնել իր պարտավորությունները». Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Բերլիներ Զեյթունգ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Նախիջևան մուտքի հարցին:
՛՛2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորություն է ստանձնել երաշխավորել Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և նրա Նախիջևան Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։
Ադրբեջանը շահագրգռված է Նախիւևանի հետ պատշաճ հաղորդակցություն ստեղծելու հարցում: Սակայն, չնայած իր պարտավորություններին, Հայաստանն արդեն ՛՛երեք տարի է, ինչ խոչընդոտում է այդ գործընթացին՛՛ (չակերտները- խմբ): Այդ պատճառով Ադրբեջանն արդեն Իրանի հետ համաձայնության է եկել Իրանի տարածքով այլընտրանքային երթուղու շուրջ։ Մենք մտադիր չենք շարունակել սպասել, թե երբ հայկական կողմը պատրաստ կլինի իրականացնել իր պարտավորությունները, և կօգտագործենք ցանկացած հնարավորություն մեր հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման համար՛՛,-ասել է Հաջիևը:
Նա շեշտել է, որ նկատի ունի հրադադարի մասին ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան համաձայնագրի 9-րդ հոդվածը:
Հարցազրուցավարը մեջբերել է հոդվածը և հարցրել. ՛՛Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով՛՛: Արդյոք Ադրբեջանի համար այս հոդվածը նշանակում է, որ Հայաստանը կհրաժարվի՞ մաքսային և սահմանային հսկողությունից՛՛։
Ի պատասխան՝ Հաջիևը նշել է. ՛՛Ձեր հարցի կարճ պատասխանը ՛՛այո՛՛ է: Այդ իսկ պատճառով փաստաթղթում ներառված է ուղևորների և բեռների ՛՛անարգել՛՛ տեղափոխման մասին արտահայտությունը։ Հայաստանը ստորագրել է այդ պարտավորության տակ։ Սակայն պետք է հստակեցնել, որ մենք ակնկալում ենք մաքսային և սահմանային հսկողության չեղարկում միայն Ադրբեջանի մայրցամաքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ապրանքների տեղափոխման դեպքում: Բայց երբ ապրանքներն Ադրբեջանից տեղափոխվում են երրորդ երկիր, իհարկե, Հայաստանը կապահովի համապատասխան մաքսային և սահմանային հսկողություն՛՛։