շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք միշտ հանդես ենք եկել համազգային համերաշխության դիրքերից. Կոնջորյանի պատասխանը նախկին նախագահներին

Մենք միշտ հանդես ենք եկել համազգային համերաշխության դիրքերից. Կոնջորյանի պատասխանը նախկին նախագահներին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախկին նախագահների և իշխանության կոնսոլիդացիայի կոչին՝ նշելով, իշխանությունը կողմ է առաջարկին:

«Մենք մշտապես հանդես ենք եկել համազգային համերաշխության և միասնականության դիրքերից, գտել և գտնում ենք նաև հիմա, որ Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերները պահանջում են, որպեսզի մենք մեր բոլոր ուժերը կենտրոնացնենք և կարողանանք պատասխանել այդ մարտահրավերներին պատշաճ կերպով: Մենք՝ որպես իշխանություն, անում ենք մեր առավելագույնը և մշտապես պատրաստ ենք եղել նաև թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ևս միասնական ջանքեր գործադրել այդ նպատակների իրագործման համար»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ վարչապետը քանիցս խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է հանդիպել, ներկայացնել այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են ընդդիմությանը, բայց, նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը մերժել է հանդիպելու առաջարկը:

«Համոզմունք ունեմ, որ այդ մերժման հիմքում դրված է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է պատասխանատվությունից, որովհետև տիրապետել տեղեկատվության՝ նշանակում է նաև վերցնել այդ տեղեկությունն իմանալու  պատասխանատվությունը: Եթե դու իմանում ես այդ տեղեկատվությունը, դրանից հետո դժվար է լինելու դուրս գալ փողոց և խոսել իրականության հետ կապ չունեցող, երևակայական և դավադրապաշտական թեզերի մասին»,- ասաց նա:

  • Կիսվել: