Մենք միշտ Ադրբեջանից մի քանի քայլ ետ ենք մնում. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։ Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը․
«Դեռ ամիսներ առաջ էի կանխատեսել, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու և անդամագրվելու է վերջինիս: Դրա համար առաջարկում և լոբբինգ էի անում, որ Հայաստանն ավելի շուտ դիմի և օգտագործի իր կապերը ՌԴ-Հնդկաստան-Իրան եռանկյունու աջակցությամբ՝ անդամագրվելու ԲՐԻԿՍ-ին:
ԲՐԻԿՍ-ի անդամ-պետություններն էին Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Այս տարի այն ընդլայնվել է՝ ներառելով նաև Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և ԱՄԷ-ն:
Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերները ԲՐԻԿՍ-ի անդամ են:
Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում: Այդ ամենի հետևանքն էլ միշտ մեզ վրա ավելի թանկ է նստում կամ ավելի թանկ է «վաճառվում»»,- գրել է նա։



