Մենք իրական հնարավորություններ ունենք խաղաղություն պարտադրելու. Արամ Սարգսյան
Իսրայելը իր անկախության վերականգնումից՝ 1948-ից նույն վիճակում է, 4 ամիս առաջ իրենց մայրաքաղաք Երուսաղեմն էին ռմբակոծում, շենքեր էին փլուզվում, բայց հոռետեսություն և անհուսություն չկար, որովհետև հրեաներն էլ մեզ պես պետականություն կորցրած և ցեղասպանություն տեսած ժողովուրդ են, հասկանում են, որ հայրենիքը պաշտպանել է պետք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ շարունակելով.
«Հարգանք և խոնարհում նրանց հարազատներին ու մտերիմներին, որոնք հայրենիքին տվել են ամենաթանկը՝ իրենց զավակին, եղբորը, ամուսնուն:
Թե ինչի է վերածվելու այս ողբերգությունից հետո իրենց ընտանիքի կյանքը, ես տեսել ու դրա միջով անցել եմ… Հարցը հստակ է՝ կամ մենք հավաքական դիմադրություն ենք ձևավորում և պայքարում մեր ինքնության և պետություն ունենալու իրավունքի համար, արժևորում մեր հերոս զավակների զոհողությունը, կամ զիջում ենք օտարին՝ կորցնելով ինքներս մեզ հարգելու իրավունքը՝ դավաճանելով Եռաբլուրին։
Ես համոզված եմ, որ մենք իրական հնարավորություններ ունենք թե քաղաքական, թե ռազմական ոլորտներում դիմակայելու, հաջողություններ գրանցելու և խաղաղությունը պարտադրելու։ Եվ վստահ եմ, որ անելու ենք»:



