Մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը միջազգային բոլոր հարթակներում․ Անն Լույո․ «Հետք»
«Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ
Տիկին դեսպան, վերջին շաբաթներին ֆրանսիական մեդիայում եւ քաղաքական հարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքական գործիչները ահազանգ են հնչեցնում հայերի բնաջնջման վտանգի, Հայաստանի՝ քարտեզից անհետանալու սպառնալիքի մասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակն օրհասակա՞ն է։
Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում:
Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը:
Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը:
Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում:
Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը:
Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ:
Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄ-ն դատապարտում ու կոչ են անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել ելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերի զորքերը, Ֆրանսիան եւ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածք ներխուժած Ռուսաստանի պարագայում։
Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը:
Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուս կողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամ պատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։
Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը:
Մանրամաները՝ սկզբնաղբյուր կայքում



