կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով, մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն․ Սերգեյ Շոյգուն՝ Նիկոլ Փաշինյանին

Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով, մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն․ Սերգեյ Շոյգուն՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը:

Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

https://www.youtube.com/watch?v=HxNKfoGRAZM&feature=emb_title
Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: