ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին

Մենք չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին

Մենք չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։

«Ես կարող եմ մեկնաբանել մեր դիրքորոշումը։ Եթե հստակեցնելու բաներ կան, պետք է իրենց դիմել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ-ն ունի անվտանգային խնդիրներ, անվտանգային բացեր, որոնք երևացել են, այդ թվում՝ վերջին ամիսների ընթացքում հայտնի իրադարձությունների ժամանակ, և այդ խնդիրները փորձում է լուծել իրեն հասու մեթոդներով՝ համագործակցելով բոլոր ուժերի հետ, և այդ համագործակցությունը չենք անում մեկի հետ՝ ի հեճուկս մյուսի։ Մենք ունենք խնդիր մեր տարածքային ամբողջականության պաշտպանության։ Մենք բնականաբար չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը, մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Եվ դա մեր իրավունքն է»,- նշեց Ռուբինյանը։

Հարցին, որ ՌԴ-ն ուրիշ կերպ է ընկալում Հայաստանի գործողությունները, մե՞ր թերացումն է, թե՞ իրենք են էդպես ընկալում, Ռուբինյանը պատասխանեց՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին ու նշելով, որ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, և որի գոյության համար մեկ իմաստը իր անդամների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է, սեպտեմբերյան դեպքերից հետո չի ֆիքսել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացվել է, ու որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա․ «Սա է Ձեր հարցի պատասխանը»։

Լրագրողը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Երևանում ՀԱՊԿ-ի հայտարարությունը չհաջողվեց ընդունել, որովհետև հայ գործընկերները պնդում էին, որ դրանում լինի սուր դատապարտություն՝ ուղղված Ադրբեջանին։

Դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակը նշեց․ «Հայաստանը չի պնդել, որ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն, Հայաստանը պնդել է, որ ֆիքսվի իրողությունը։ Իսկ իրողությունը հետևյալն է եղել․ սեպտեմբերյան հարձակման ընթացքում Ադրբեջանը հարձակվել է ՀՀ վրա, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, հարվածներ է հասցրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ կիլոմետրեր խորությամբ։ Եվ մենք ակնկալել ու ակնկալում ենք, որ այս փաստը մեր դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, ֆիքսեն։ Սա մինիմումն է, որ ակնկալվել է, և այդ մինիմումը մինչ այս պահը բավարարված չէ»։

Անդրադառնալով նաև Լավրովի մյուս հայտարարությանը, որ չնայած նրան, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, Ռուբինյանն ասաց, որ խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկելու կամ չուղարկելու մեջ է, այլ թե այդ դիտորդները ինչը պետք է դիտեն։

«Մենք պնդում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում հարձակում է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը մինչ այս պահը հրաժարվել է ֆիքսել, որ ընդհանրապես կա Հայաստան-Ադրբեջան սահման, որից այս կողմ հարձակում է տեղի ունեցել։ Մեր պահանջը հենց դա է եղել, որ դա ֆիքսվի, որովհետև եթե դա չի ֆիքսվում, հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ը չի ֆիքսում, որ կա հստակ Հայաստան-Ադրբեջան սահման, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Սա է հարցը, ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկել-չուղարկելու մեջ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

 

  • Կիսվել: