կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մենք բլեֆ չենք անում, մենք գիտակցում ենք՝ ինչ ենք առաջարկել». Արարատ Միրզոյանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

«Մենք բլեֆ չենք անում, մենք գիտակցում ենք՝ ինչ ենք առաջարկել». Արարատ Միրզոյանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

Եթե հարևանները հետաքրքրությամբ գան «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետևից, Հայաստանի համար բոլոր աճի տեղ կա եւ մասնագիտական ներուժի առումով, եւ մնացած բոլոր ուղղությունների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես չեմ հասկանում, թե ինչը մենք չենք կարող սպասարկել: Եթե «խաղաղության խաչմերուկը» վերաբերում է երկաթուղիների վերագործարկմանը, ավտոճանապարհների կառուցմանը, ապա առնվազն ճանապարհների մասով վերջին տարիներին մենք տեսնում ենք և հիմա էլ կա էական շարժ: Հերքել հնարավոր չէ: Հյուսիս-հարավով առաջիկայում կտեսնենք էական շարժ, քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

Երկաթուղին, իհարկե, մեծ ներդրումների մասին է, և մենք այստեղ պետք է ունենանք պայմանավորվածություններ, որպեսզի կարողանանք այդ ներդրումներն անել: Որևէ մեկը փակուղի գնացող, երկու վայրում փակուղի ունեցող երկաթուղի չի կառուցի՝ առանց իմանալու, որ հետո շարունակվելու է այդ երկաթգիծն այս կամ այն ուղղությամբ: Եթե կունենանք նշածս սկզբունքների շրջանակներում լուծումներ, մենք նաև երկաթուղիները կկառուցենք»,- ասաց նախարարը:

Միրզոյանի խոսքով, Հայաստանն այստեղ բլեֆ չի անում. «Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ», մենք գիտակցում ենք՝ ինչ ենք առաջարկել: Եվ մենք իսկապես ուզում ենք, որ զանազան ենթակառուցվածքներ, կոմունիկացիաներ, ընդհանրապես Արևելքն ու Արևմուտքը կապվեն իրար առևտրական և տնտեսական առումով, իսկ կապերը բազմաթիվ են, այդ թվում՝ Հայաստանի տարածքի միջոցով, և Հյուսիսն ու Հարավը կապվեն իրար, այդ թվում՝ Հայաստանի տարածքով»,-ասաց Միրզոյանը:

Եզրափակելով խոսքը՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ «լավ կլինի» ծրագրի ճակատագիրը:

  • Կիսվել: