Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան
Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա: Այս մասին այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Սադրանքների, ստռեղծված իրավիճակից ելքի պատասխանատվությունը մնալու է նրանց վզին, որոնք այդ սադրանքը կազմակերպում է: Մենք հետ չենք գնալու եւ պատգամավորները շենք մտնելու են: Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա։
Հիմա ոստիկանությունը բանակցություններ է վարում, 10 րոպեից մեզ կպատասխանեն եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ոստիկանությունն իրավունք չունի պատգամավորներին թույլ չտալ մտնել կառավարության մասնաշենք:
«Առաջիկա չորս օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հաստատություններ, բոլորը պետք է այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սա հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ փաստաթողթի վերաբերյալ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը և կհասկանանք՝ ով ով է և ով է կիսում այս պատասխանատվությունը։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկիսելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք: Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք: