չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, պետք է դադարեցնել կրակել, անհրաժեշտ է քննարկել․ ԱՀ պետնախարարը՝ Բաքվի հետ ուղիղ բանակցությունների մասին

Մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, պետք է դադարեցնել կրակել, անհրաժեշտ է քննարկել․ ԱՀ պետնախարարը՝ Բաքվի հետ ուղիղ բանակցությունների մասին

Ադրբեջանական քարոզչամեքենան մի թեզ է շրջանառության մեջ դրել, որ իբր արցախյան կողմը հրաժարվում է բանակցություններից, և զարմանալիորեն այդ թեզը սկսել է պտտվել նաև ներսում, բայց իրականում ամեն ինչ ամենևին այդպես չէ։

Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե արցախյան կողմը չի համաձայնում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին։

«Մենք երբևէ բանակցություններից, շփումներից, քննարկումներից չենք հրաժարվել։ Ընդհակառակը, առավել քան մենք որևէ մեկը չի կարող շահագիգիռ լինել և ձգտել ստեղծված իրավիճակում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ շփումների ու քննարկումների։ Բայց մեր կողմից բարձրացվող հարցը հետևյալն է․ մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, մենք ասում ենք՝ պետք է դադարեցնել կրակել գյուղացու ուղղությամբ և անհրաժեշտ է քննարկել։ Չի՛ կարելի սպանել քաղաքացիական անձանց և ոստիկաններին, անհրաժեշտ է քննարկել և լուծել խնդիրները։ Երբ այս ամենը վերածվում է միակողմանի գործարքի, և դրա անունը դրվում է բանակցություն, սա է խնդիրը։ Այլապես Ադրբեջանն այսօր մի հայտարարություն կանի, վաղը կխոսի Պաշտպանության բանակի մասին, հետո կքննարկի պետական մարմինների կազմալուծման հարցը, հետո օրենսդրության հարց կբարձրացնի։ Ի վերջո՝ վաղն Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում», - նշեց Արցախի պետնախարարը։

Նրա խոսքով՝ ցանկացած հարց Ադրբեջանի կողմից կարող է բերվել օրակարգ և դառնալ քննարկման առարկա կամ պարտադրվել, որ դառնա քննարկման առարկա, և հենց սա է խնդիրը։

Ըստ ԱՀ պետնախարարի, արցախյան կողմը չի հրաժարվել շփումներից ու խնդիրները քննարկելուց, սակայն բոլոր միջնորդներին մի պարզ իրողություն է ներկայացվում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելու գործողությունները, պետք է դադարեցնել քաղաքացիական անձնանց ուղղությամբ կրակելը, սպանելը, գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելն ու դրանցի հետո միայն սկսել քննարկումներ անել ու լուծումներ գտնել։

«Այդպիսի թեզ շրջանառելը, որ Արցախը հրաժարվում է բանակցություններից, սխալ է», - եզրափակեց Ներսիսյանը։

  • Կիսվել: