ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք ասել ենք՝ ՀՀ-ում նոր մարտի 1-եր այլևս երբեք չեն լինելու․ Վարչապետը՝ վաղվա հանրահավաքի մասին

Մենք ասել ենք՝ ՀՀ-ում նոր մարտի 1-եր այլևս երբեք չեն լինելու․ Վարչապետը՝ վաղվա հանրահավաքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վաղը Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

«Օրը սիմվոլիկ է, մարտի 1-ն է, և վաղվա հանրահավաքով մենք պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը ՀՀ-ում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր արձանագրում է, քանի որ խոսքը ոչ թե կառավարության կամ իր իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության:

 

«Ես ՀՀ-ում՝ որպես այդպիսին, իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որ պատվիրակել է ինձ իշխանությունն ինչ-որ մի ժամանակով»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով, ինչպես իրենց նախորդ հանրահավաքի, այնպես էլ այս դեպքում փորձ է արվում խոսել քաղաքացիական բախումների կամ նոր մարտի 1-երի մասին:

«Մենք ասել ենք՝ ՀՀ-ում նոր մարտի 1-եր այլևս երբեք չեն լինելու, չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև ասաց, որ վաղվա հանրահավաքին մարդկանց մասնակցությունը պետք է ի ցույց դնի այդ հարցում մեր բոլորի հաստատակամությունը:

«Երբ հանրության ճնշող մեծամասնությունը հստակ արձանագրում է, որ մեզ համար քաղաքացիական բախումների, մարտի 1-ի էջը փակված է անդառնալիորեն այն իմաստով, որ կրկնություն չի կարող լինել, ամենամեծ երաշխիքն է, որ այդպես էլ կլինի»,- նշեց նա:

Վարչապետը նաև ներկայացրեց, թե վաղվա հանրահավաքի իր ելույթում ինչ հարցերի է պատրաստվում անդրադառնալ:

«Ես կանդրադառնամ մարտի 1-ի դատավարությանը, քանի որ այդ օրը ես չեմ կարող չանդրադառնալ խնդրին, նաև ռազմական հեղաշրջման փորձին կանդրադառնամ և, իհարկե, հանրապետության նախագահի երեկ կայացրած անհասկանալի որոշմանը:

Ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, որևէ օրինական հենք չունի: Սա շատ կարևոր խոսակցություն է, որ սա արձանագրենք ու հասկանանք: Այդ արձանագրումից, իհարկե, հնարավոր է՝ նաև որոշակի հետևություններ արվեն: Կանդրադառնանք դատական համակարգի գործունեությանը, այս ոլորտում անելիքներին: Կանդրադառնանք նաև բարձրագույն դատական խորհրդի խնդիրներին:

Ի վերջո, մենք հիմա խոսում ենք ԶՈՒ ԳՇ անթույլատրելի քաղաքական հայտարարությունների մասին, բայց եկեք չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ գրեթե նույնպիսի քաղաքական անթույլատրելի հայտարարությամբ հանդես եկավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և սա կարծում եմ՝ նույնպես որոշակի քաղաքական գնահատականի արժանի փաստ է, որին մենք անպայման պետք է անդրադառնանք»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ քննարկում են վաղվա հանրահավաքին ելույթ ունենալու համար այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հրավիրելու տարբերակը ևս:

  • Կիսվել: