Մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի լուծման համար. Փաշինյան
1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման: Այսինքն՝ մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը, և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջանորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար:
Իհարկե, անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը:
Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ: Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ, փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից՝ աղոտ, ապա՝ առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի՝ մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա նաև՝ մեր պետականությանը վերջ դնելու համար:
Այդ վերնջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին: Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին և գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին:
Այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում, և այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր, ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- ասաց նա: