Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն լինելու է գործիք ՀՀ ինքնիշխանությունը թույլ չտալու համար. վարչապետ
Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար: Մենք սա, ցավոք, ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունն ըստ էության ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ է ունեցել և ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման 7 տարիներին նայելով՝ արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել:
2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարության ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա և արիություն է ցուցաբերել՝ կարողանալով քայլ առ քայլ, կտոր-կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է, և այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդամենը օգտագործվում է Հայաստանի՝ առանց այն էլ թուլացած անկախությանն ու պետականությանը վերջ դնելու համար, ու այս իրողությանն առերեսվելով՝ կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի՝ ՀՀ-ն ոչ թե Ղարաբաղի, կամ ինչպես ասում են, մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք:
Որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետությունն է և մեր վերջնական հանգրվանը՝ որպես ժողովուրդ»,- ընդգծեց վարչապետը: