կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Մեկուկես տասնյակ նոր երթուղիներ. Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ

Մեկուկես տասնյակ նոր երթուղիներ. Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ

 Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքը կապահովվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ավտոբուսները շահագործման կհանձնվեն առաջիկա շաբաթների ընթացքում Երևան հասնելուց հետո: Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա շուրջ 180 ավտոբուս: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր երթուղում 8-12 ավտոբուս է լինում, ապա կունենանք մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղիներ»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս ավտոբուսների շահագործման շնորհիվ ակնկալվում է, որ առարկայական փոփոխություն կլինի երևանյան տրանսպորտի ոլորտում:

Վճարման համակարգի մասին խոսելով՝ Կարապետյանը շեշտեց, որ ակնկալվում է, որ այդ ժամանակ կլինի արդեն էլեկտրոնային միասնական համակարգ:

«Համակարգը հնարավորություն կտա վճարել առանձին քարտերով, որոնք անհրաժեշտ կլինի ձեռք բերել նախօրոք, կամ բանկային քարտերով: Եվրոպական մի շարք քաղաքներում նմանատիպ համակարգեր են գործում, չկա այնպիսի տարբերակ, որ ուղևորը թղթադրամ կամ մանրադրամ մեկնի վարորդին»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով արդեն իսկ շահագործվող նոր ավտոբուսների վարորդների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու հարցին՝ Կարապետյանը նշեց, որ նման դեպքեր, իհարկե, եղել են:

«Ավտոբուսների վարորդներ կան, որոնք աշխատանքից ազատվել են, կան նաև այնպիսիները, որոնք զգուշացում են ստացել: Պատճառներից մեկն եղել է, օրինակ, ղեկին ծխելը»,- շեշտեց Կարապետյանը և հավելեց, որ նոր վարորդների պահանջի վերաբերյալ հայտարարությանն արձագանքողների թիվը շատ չէ, մրցակցությունն էլ մեծ չէ:

  • Կիսվել: