ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները. այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները. այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
 
Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։
 
 
Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։
 
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 114 դպրոց, որտեղ այսօր քննություն է հանձնել մեդալի 26 հավակնորդ։
 
Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մեդալի հավակնորդներին՝ հորդորելով կենտրոնանալ քննական աշխատանքի վրա:
 
 
«Ժամանակին ինքս էլ մասնակցել եմ մեդալի քննություններին և շատ լավ հասկանում եմ ձեր լարվածությունը: Մասնակցելով այս քննություններին՝ դուք արդեն իսկ ապացուցել եք, որ սա ձեր 12 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որն արդեն մեծ հաջողություն է և հաղթանակ»,- նշել է նախարարի տեղակալը:
 
Ժաննա Անդրեասյանն աշակերտներին հաջողություն է մաղթել նաև բուհական միասնական քննությունների առումով. «Սա ձեր կյանքի ամենակարևոր ամառներից է: Հուսով եմ՝ սեպտեմբերին որպես ուսանող կշարունակեք ձեր կրթությունն արդեն բուհերում»:
 
Նախարարի տեղակալը նաև մեդալի հավակնորդներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ունեն որոշակի հարցեր՝ կապված քննության անցկացման ընթացակարգի հետ՝ վստահեցնելով, որ կազմակերպիչները մասնակիցների համար կապահովեն բնականոն և սահուն ընթացք:
 
 
Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 22-ին: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի թիվ 388-Ն հրամանով սահմանված կարգի` պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քննությունների ընթացքին հետևելուց բացի, դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, եղել է քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում ու մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին։

  • Կիսվել: