կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մեկն ասել էր՝ առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, հիմա լսում ենք իրար․ ցավո՛ք, ճիշտ դուրս չեկավ․ Աղվան Վարդանյան

Մեկն ասել էր՝ առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, հիմա լսում ենք իրար․ ցավո՛ք, ճիշտ դուրս չեկավ․ Աղվան Վարդանյան

Որոշ ժամանակ առաջ մեկն ասել էր, որ եթե առաջ խորհրդարանում ընդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավո՛ք, ճիշտ դուրս չեկավ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարություններից մեկին։

«Պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր։ Երկրորդը՝ անվտանգության աշխատակիցների անօրինական, անթույլատրելի վարքագիծն էր պատգամավորների հանդեպ։ Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը չի հանդուրժվելու», - ասաց Վարդանյանը։

Այս դիտարկմանն ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ԱԺ-ի աշխատանքները խաթարող որևէ վարքագիծ չի կարող հանդուրժվել։

«Երեք ԱԺ նախագահը նախազգուշացում է հայտարարել և՛ պարոն Աղազարյանին, և՛ պարոն Սարգսյանին։ Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների հետ պարոն Սարգսյանի և ընհանրապես ձեր խմբակցության շփումներին, ես երեկ իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցներին հրահրում և վիրավորում», - հավելեց Ռուբինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն էլ ասաց. «Հարգարժան պարոն Վարդանյան, այդ անձնավորությունը ես եմ, և ես  կանդրադառնման ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ ուշադիր լինեք իմ ելույթներին»։

Դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել։ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Աղվան Վարդանյանին. «Նախազգուշացում եմ հայտարարում տեղից  խոսելու և պարոն Աղազարյանին վիրավորական կերպով դիմելու համար։ Ի՞նչ է  նշանակում՝  մյուս անգամ ինձ չդիմես։  Այսինքն՝ ինքը կարո՞ղ է դիմել, պարոն Աղազարյանը չի՞ կարող դիմել»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետ։ Նա դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել... Վերջում էլ ամբիոնից իջնելուց ասացի՝ երկու տարի անցել է, տեսնեմ՝ կարող ես նայել հիմա աչքերի մեջ»։ Իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր պագամավորների ներկայացմամբ, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է՝ «վեր ընկի տեղդ»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է դուրս տանել Արթուր Սարգսյանին: ԱԺ դահլիճում, ապա նեւ միջանցքում քաշքշուկ է սկսվել:

Իրավիճակը հանդարտվելուց հետո ԱԺ նախագահը հայտարարել, որ նկատողություն է հայտարրում Հովիկ Աղազարյանին եւ Արթուր Սարգսյանին:

  • Կիսվել: