ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու հիբրիդային պատերազմների մեջ. Սոս Ավետիսյան

Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու հիբրիդային պատերազմների մեջ. Սոս Ավետիսյան

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ելույթ է ունեցել Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ժողովրդավարության և մեդիայի խնդիրներին: 

«Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Իսկ մեդիան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը  կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են:

Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ պատեղեկատվությունը վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիայի դերը հատկապե՛ս կարևոր է: Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի:

Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաև լրատվամիջոցներին է դիպչում: Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու ապատեղեկատվության տարածման, քարոզչության կամ հիբրիդային պատերազմների մեջ. սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը»,- ասել է Ս.Ավետիսյանը:

  • Կիսվել: