շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի մասնակցի  Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Aravot.am-ը հարցում էր ուղարկել Մայր Աթոռ՝ պարզելու համար՝ արդյոք Եկեղեցին մասնակցելո՞ւ է հոկտեմբեր 28-31-ը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

«Հաստատում ենք, որ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանավոր հրավեր է ուղղվել տարվույս հոկտեմբեր 28-ից 31-ը գումարվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քննարկվել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Եկեղեցու մասնակցության հարցը: Հոկտեմբեր 28-31-ի գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը:

Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել: Եկեղեցին հնարավորություն չի ունեցել իր հիշյալ և այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թեև Եկեղեցին միշտ էլ կարևորել է համահայկական համախմբմանն ուղղված նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։

Վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին»,- փոխանցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:


  • Կիսվել: