հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է. կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ. ԱԺ նախագահ

Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է. կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ. ԱԺ նախագահ

«Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, այդ հաղթանակի համար զոհվել է 300 հազար հայ, շատ հայեր կռվել են նաև դիմադրության շարժման շարքերում։ Դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Բրյուսելը ՀՀ կառավարության ղեկավարի՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի շքերթին մասնակցելու համար Մոսկվա այցելելուն։ 

ԱԺ նախագահը նաև մատնանշել է այն հանգամանքը, որ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ հիմա էլ այցելում են Մոսկվա, հանդիպում և բանակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այս հարցի շուրջ ունի իր տեսակետը, իսկ Եվրոպական միությունը կամ ԵՄ պաշտոնյաներն՝ իրենցը։ 

«Դա իրենց տեսակետն է, սա մեր տեսակետն է․ եկեք մի բան ֆիքսենք՝ միջպետական հարաբերություններում՝ լինի ԵՄ-ի հետ, լինի Ռուսաստանի կամ այլ երրորդ, չորրորդ երկրի հետ, Հայաստանի Հանրապետությունն ունի իր դիրքորոշումները, որոնք մենք պահում և տանում ենք առաջ։ Հնարավոր է՝ ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուր չգալ, բայց, կներեք, մենք մեր շահերը, տեսլականը և մեր ուղղությունն ունենք»,-ընդգծել է ԱԺ նախագահը։  

  • Կիսվել: