Մատվիենկոն կայցելի Ծիծեռնակաբերդ եւ «Մայր. Հայաստան» հուշահամալիր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 5-ի երեկոյան, Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն` երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահ, անգամ՝ երկու մարզպետ: Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-6-ը կմնա Երեւանի «Դվին» հյուրանոցում: Պատվիրակությունը կայցելելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ «Մայր Հայաստանի» հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի «բորտի տակից» գրկած դիմավորելու Մատվիենկոյին:
Հավելենք, որ դեռեւս մարտին Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան:
Այցից հետո ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Հիշեցնենք, որ Մատվիենկոն եւ Ալեն Սիմոնյանը հեռահար կերպով կոշտ բանավեճի էին բռնվել, եւ սա այդ լարվածությունից հետո առաջին հանդիպումը կլինի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: