հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարզպետարաններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ․ կմիավորվեն վարչություններ, իսկ աշխատակազմը կկրճատվի

Մարզպետարաններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ․ կմիավորվեն վարչություններ, իսկ աշխատակազմը կկրճատվի

Մարտի մեկից կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն մարզպետարաններում: Այն հաստատված է կառավարության որոշմամբ, բայց վերջնական կառուցվածքը հստակեցված չէ։ Գլխավոր քարուղարության բաժիններ են ուղարկվել փոփոխության նախնական տարբերակները, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են։

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով 1996 թվականից ձևավորված տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները  համակարգում են հանրապետական, գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։ Այս 27 տարիների ընթացքում մարզպետարանները կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել են, որոշ լիազորություններ ընդլայնվել են կամ հակառակը։ Վերջին 4 տարիներին սկսեց օրակարգում հայտնվել մարզպետարանները միավորելու, խոշորացնելու կամ ընդհանրապես լուծարելու տարբերակները:

Շրջանառվող տարբերակները հաճախ ոչ պաշտոնական, նաև քաղաքացիների քննարկման տիրույթում էլ են հայտնվում՝ թերհավատորեն վերաբերվելով տարածքային կառավարման գործունեությանը։ Այժմ կառավարությունում քննարկվող մարզպետարանների կառուցվածքային փոփոխության մասին որոշումն ուժի մեջ կմտնի մոտ մեկ ու կես ամսից: Նախատեսվում է մարզպետարանների ներկայում գործող վարչություններից մի քանիսը միավորել, նոր կառուցվածքով ունենալ 10 ստորաբաժանում:

«Փոփոխությունները, որպես այդպիսին, լինելու են միաձուլման եղանակով, որոշ ստորաբաժանումներ միավորվելու են։ Ներկայումս առկա 14 ստորաբաժանումների փոխարեն մնալու են 10-ը, այդ 10-ից 7-ը ստորաբաժանումները լինելու են հիմնական մասնագիտական ստորաբաժանումները, իսկ 3-ը՝ աջակցող։ 7-ից 5-ը լինելու են վարչություններ, իսկ 2-ը՝ բաժիններ»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։

Շիրակի մարզպետարանի  գլխավոր քարտուղարը պարզաբանում է՝ նոր կանոնադրությամբ մեկ ստորաբաժանման մեջ կմիավորվեն բնույթով իրար հարակից կամ իրար լրացնող մի քանի բաժիններ ու վարչություններ: Նոր ստորաբաժանումներ չեն ձևավորվելու, իսկ գործող վարչություններից մի քանիսը կփոխեն իրենց անվանումները:

Մարզպետի տեղակալների, խորհրդականների ու օգնականների թիվ չի կրճատվի, բայց վարչությունների ու բաժինների միավորման արդյունքում աշխատակազմ է կրճատվելու: Այդ ցանկում հայտնված աշխատակիցները գործազուրկ չմնալու համար կարող են մասնակցել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին, այս դեպքում նախապատվություն քաղծառայողներին է տրվելու։

«Ներկայումս, ըստ հաստիքացուցակի, Շիրակի մարզպետարանում հաստիքների թվաքանակը 132 է, բայց թափուր հաստիքներ շատ կան և այդ 132-ից միայն 110-ն են քաղաքացիական ծառայության պաշտոններ։ Տարբեր նախագծեր են շրջանառվում, որ լինելու են 80 աշխատակցից մինչև 101-ը, բայց վերջնական որոշում դեռ չկա»,- նշում է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը։

Մարզպետարաններում աշխատակազմերի ձևավորման սկզբունքը տարբեր է լինելու: Այս պարագայում հաշվի են առնելու մարզերի առանձնահատկությունները՝ մի դեպքում հնարավոր է գյուղատնտեսության վարչություն ձևավորվի ընդլայնված աշխատակազմով, մյուս դեպքում՝ նույն սկզբունքը կարող է գործել  քաղաքաշինության վարչության համար:

Որոշում կայացնողը մարզպետներն են լինելու։

Մարզպետարաններին կտրվեն նաև նոր լիազորություններ, հետագայում խոշորացված համայնքների ինստիտուտի լիարժեք կայացման դեպքում, որոշակի գործառույթներ կփոխանցվեն Տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կառուցվածքային նոր փոփոխությամբ Շիրակի մարզպետանը կվերանվանվի Շիրակի մարզպետի աշխատակազմ:

 

 

  • Կիսվել: