ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտական ստորաբաժանումներում կանանց մասշտաբային ներգրավումը կառավարության առաջնահերթությունն է․ Փաշինյան

Մարտական ստորաբաժանումներում կանանց մասշտաբային ներգրավումը կառավարության առաջնահերթությունն է․ Փաշինյան

Կանանց մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում կառավարության հնգամյա ծրագրի առաջնահերթություններից է: Այս մասին կառավարության ծրագրի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 9-ից հետո մեր կարևոր անելիքներից մեկը կա ու մնում է մեր բանակի, զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումները: Պետք է նաև ընդգծեմ, որ բարեփոխումների մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես պատերազմ սկսելու մեր մտադրության մասին, սա որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև ՀՀ-ն ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի` զինված ուժերի բնագավառում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը:

«Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի: Ռազմավարական առումով Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի զորահավաքային ու ժամկետային զինծառայության կառուցվածը: Մենք կարևոր ենք համարում նաև բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը»,- ասաց նա:

Փաշինյանը կարևորեց ռազմական կրթության որակի էական բարձրացումը, ինչպես հաև կանանց առավել մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում:

«Կանանց ներգրավվածության թեզը չունի որևէ գաղափախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով. կանայք բնակչության մեծամասնությունն են, և նրանց ռեսուրսի ներգրավումը որևէ ոլորտում նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճակատում: Ասվածը չի նշանակում, թե կանայք բանակում նույնքան ներգրավված պետք է լինեն, որքան տղամարդիկ, խոսքը պոտենցիալը հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը բանակի բարեխումների արդիկանացման գործընթացում կարևորեց ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ համագործակցությունը` հավելելով, որ այս առումով Ռուսաստանի հետ կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ:

«Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ճշգրտել, թե ինչ նկատի ունենք պրոֆեսիոնալ բանակ ասելով, և ինչով է տարբերվում մինչ այս հայտնի պայմանագրային զինծառայությունից: Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ պայմանագրային հիմունքով զինծառայության են ներգրավում այլ գործով ու մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք  ծառայում են որոշակի ժամկետով, իսկ մյուս ժամանակահատվածում զբաղվում են իրենց գործերով: Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ նկատի ունենք հետևյալը, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ յոթ օր, տարվա մեջ 12 ամիս»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` կառավարության ռազմավարական հեռանկարում չկա զինված ուժերի կողմից սահմանի պահպանություն, այն պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրերում և զբաղված լինի իր մարտական պատրաստվածության շարունակականության բարձրացմամբ:

«Մենք նպատակադրվել ենք էականորեն փոխել ժամկետային զինծառայության կառուցվածքը, ժամկետները, մեծ ուշադրություն պետք է դարձնենք պահեստազորի պատրաստման աշխատանքներին, և նաև այս համատեքստում է վաղվանից եռամսյա վարժական հավաքների մեկնարկը: Սրանով մեկնարկում է ակտիվ պահեստազոր ունենալու գործընթացը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: