երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարգարայի աշխատանքների ավարտից հետո հուսով ենք, որ Թուրքիան կպահի սահմանը բացելու պայմանավորվածությունը. Ռուբեն Ռուբինյան

Մարգարայի աշխատանքների ավարտից հետո հուսով ենք, որ Թուրքիան կպահի սահմանը բացելու պայմանավորվածությունը. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքների կարգի բերման աշխատանքները, հայկական կողմը հուսով է, որ թուրքական կողմը ևս կպահի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին ասաց Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խորհրդարանական ճեպազրույցում:

«Վերջին պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք: Եվ հույս ունենք, որ թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը, և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,-ասաց Ռուբինյանը:

Նա վստահեցրեց, որ գործընթացը կանգնած վիճակում չէ, ինքն ըստ անհրաժեշտության խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ: Այս պահին հանդիպման մասին պայմանավորվածություն չկա դեռևս:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ հատուկ ներկայացուցիչները բավականին ակտիվ հանդիպումներ էին ունենում, իսկ հիմա՝ ոչ, Ռուբինյանը դա բնական համարեց՝ նշելով, որ հիմա ունեն կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանը բացելու առումով:

«Եվ շատ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Նման գործընթացներում, երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարևոր է, որ պայմանավորվածություններն իրագործվեն: Եթե իրագործվեն, վստահությունը կավելանա, եթե չիրագործվեն, բնականաբար՝ կպակասի»,-ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: