հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարդու իրավունքերի պաշտպանության համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Մարդու իրավունքերի պաշտպանության համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:

Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՔՊ խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

«Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ բոլորիդ Երեւանում: Երբ ամիսներ առաջ Վանկուվերում որոշվում էր, որ հաջորդ վեհաժողովն անցկացվելու է Հայաստանում, չէինք էլ կարող պատկերացնել, որ մենք կքննարկենք հակամարտություներից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը մի երկրում, որտեղ արդեն 2 ամիս է՝ ապրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120 հազար հայ:

Նախորդ նստաշրջանին մենք ահազանգում էինք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրական վտանգի մասին: Իհարկե, հնչեցին հայտարարություններ, ընդունվեցին բանաձեւեր, կայացվեցին միջազգային դատարանի կողմից մի քանի որոշումներ, սակայն փաստ է, որ հենց հիմա, եթե դուք շրջեք Հայաստանով, կհանդիպեք այն նույն մարդկանց, որոնք ըստ բանաձեւերի, ըստ հայտարարությունների եւ անգամ միջազգային դատարանի որոշումների՝ պետք է ապրեին իրենց հայրենիքում եւ ոչ թե դառնային փախստականներ:

Հարգելի՛ գործընկերներ, սա ոչ թե դժգոհություն է միջազգային հանրությունից էթնիկ զտումը չկանխելու համար, այլ՝ արձանագրում, որ գոյություն ունեցող գորիքակազմերն արդյունավետ չեն՝ կանխելու էթնիկ զտումները եւ պաշտպանելու մարդկանց ավտորիտար ռեժիմներից:

Այս ամենը մեզ պետք է խոր մտածելու առիթ տա նոր գործիքակազմեր եւ մոտեցումներ ունենալու համար, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն տեքստերով սաստել, այլ՝ գործողություններով կանխել: Մարդու իրավունքերի պաշտպանության համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը` խաղաղությունը: Եվ մենք պետք է միասին քարոզենք ժողովրդավարություն եւ կառուցենք խաղաղություն:

Հայաստանի Հանրապետությունը հատկապես տարածաշրջանի երկրներին առաջարկում է խոսքից անցնել գործի եւ ներկայացնում է հստակ ծրագիր «Խաղաղության խաչմերուկ» վերնագրի ներքո, որը խաղաղություն կառուցելու մասին է, ինչը բխում է ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ բոլոր երկրների շահերից: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհը կկանգնի ժողովրդավարության եւ խաղաղության կողքին»,- նշել է պատգամավորը:

  • Կիսվել: