Մարդիկ խոստացել են այլ տեղերում կատարել անհնազանդության ակցիաներ, բայց չեն կատարել, չեմ ուզում ասել՝ ովքեր.Դանիելյան
Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու եւ հետագա քայլերի մասին Բագրատ Սրբազանը մոտ օրերս կհայտարարի։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ռոբերտ Քոչարյանի չի ասել, որ չպետք է փողոցային պայքարով լինի իշխանափոխությունը։ Նա ասել է՝ եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնալ ընտրությունների ճանապարհով։ Իսկ «Հայաստան» դաշինքը շատ ծանրակշիռ մասնակցություն է ունեցել փողոցային տարբեր պայքարներում։ «Հայաստան» դաշինքը որեւէ կաշկանդվածություն չունի փողոցային պայքարին աջակցելու, առաջնորդելու, առաջին շարքերում լինելու»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ ուժեր բացառում են ընտրությունների ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակը, Դանիելյանն ասաց. «Նույնիսկ եթե այսօր ԱԺ–ում գտնվող ընդդիմադիր ուժերը չմասնակցեին 2021–ի ընտրություններին, դրանք չէին համարվելու ոչ լեգիտիմ։ Այսինքն եթե ընտրություններին մասնակցում է 25 ուժ, եւ 3-4 ուժ չմասնակցեին, դա չի նշանակում, որ այդ ընտրությունները համարվելու են ոչ լեգիտիմ։
Ես էլ կողմ եմ, որ բանը չհասնի ընտրություններին, որ Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ ղեկավարն այդ ընտրությունների ժամանակ, որովհետեւ դա լուրջ ազդեցություն է ունենում, վարչական լծակներ ու այլ ապօրինություններ են իրականացնում։ Այնպես չէ, որ այս իշխանությունները հեշտ ու հանգիստ թողնելու են, որ ընդդիմությունը հաղթի։ Հիմա եթե 2026–ի ընտրություններին էլ մենք չմասնակցենք, դա չի նշանակելու, որ այդ ընտրություններն օրինական չեն»։
Անդրադառնալով նրան, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, հետեւաբար, ինքն է լինելու վարչապետի թեկնածուն, Գառնիկ Դանիելյանն ասաց. ««Բագրատ Սրբազանը շարունակելու է շարժումն առաջնորդել։ համենայնդեպս, իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի տարաձայնություն չկաա, հակառակը, մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, և ակտիվ ներգրավվելու ենք այդ գործին։ Բագրատ Սրբազանը ինքը պիտի որոշի՝ այսուհետև ինքը հանդիսանում է թեկնածու, թե ոչ։
Ինչ վերաբերում է օրենսդրական արգելքին, ապա սահմանադրական օրենքի մասնագետներն են ասում, որ անգամ երկքաղաքացիության պարագայում հնարավոր է այդ թեկնածության առաջադրումը։
Ընդդիմությունը չի տապալել շարժումը, այնպես չի, որ 60-70 հազար մարդը դուրս էր եկել ումենք եկանք տապալեցինք այդ շարժումը։ Մենք ոչ մեկին տուն չենք ուղարկել, ես և Սրբազան հայրը այդ օրերին հրապարակում ենք եղել։ Այդ աննախադեպ պրոցեսները եղել են Սրբազան հոր առաջնորդությամբ, նաև մեր անմիջական մասնակցությամբ։
Այդ օրերին ոչ մի օր, ոչ մի վայրկյան փողոցից տուն էլ չենք գնացել, չենք էլ հանգստացել, իսկ հաջորդ օրը, երբ որ մենք Հանրապետության հրապարակում գիշերել ենք և ասում ենք, ով որ ուզում է կարող մեզ հետ գիշերի, ով ուզում է՝ գնա տուն, բայց առավոտը գա և արդեն անհնազանդության պրոցեսներին մասնակցի։ Ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք խոստացել են այլ տեղերում կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել, չեմ ուզում ասել՝ ովքեր։
Այո, մենք չենք հասել մենք մեր նպատակներին, բայց ես հուսով եմ, համոզված եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ էս ապիկար իշխանությունը, ի վերջո, հեռացվելու են իշխանությունից»։