Մարդիկ բարիշել են, իրար հասկացել. Անդրանիկ Մանուկյանը հրաժարվել է Արման Բաբաջանյանի դեմ հայցից
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարվել է ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական հայցից, InfoPort.am-ին տեղեկացրեց Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Մարդիկ բարիշել են, փառք Աստծո, իրար հասկացել են: Մենք առաջին օրից էլ հայտարարել ենք, որ Անդրանիկ Մանուկյանը պատերազմելու նպատակ չունի»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք՝ որպես հայցվոր կողմ, դիմում են ներկայացրել հայցից հրաժարվել են՝ կողմերի միջև հաշտության հիմքով:
Հիշեցնենք՝ Անդրանիկ Մանուկյանը դատարանից խնդրում էր պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից Ազգային ժողովում իր հայտարարությունների համար, պարտավորեցնել պատգամավորին բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել իր հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և որպես փոխհատուցում դրա համար Արման Բաբաջանյանից բռնագանձել 2 դրամ: