չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Մարդիկ ասում են՝ դեմ ենք թանկացմանը, բայց ամաչելով վճարում ենք. Մենք ասում ենք՝ թող ամաչեն թալանողները. Ավագանու անդամ

Մարդիկ ասում են՝ դեմ ենք թանկացմանը, բայց ամաչելով վճարում ենք. Մենք ասում ենք՝ թող ամաչեն թալանողները. Ավագանու անդամ

Ակնհայտ է, թե շոուով ով է զբաղվում. ավագանու նիստին մենք եկել էինք բովանդակային հարցեր տալ տրանսպորտի թանկացման վերաբերյալ, իրենք նախընտրեցին կազմակերպել շոու, որ այդ բովանդակային հարցերը շհնչեն, իրենք էլ ստիպված չլինեն ակնհայտ ի ցույց դնել հանրությանը, որ այդ հարցերի պատասխանը չունեն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, ով արդեն 4-րդ օրն է՝ մասնակցում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին եւ կոչ է անում քաղաքացիներին չվճարել ուղեվարձի համար::

«Մենք շոուով չենք զբաղվում, մենք ավագանու անդամներ ենք, մեր պարտականությունն է պաշտպանել Երևանի քաղաքացիների շահերը: Մենք անցկացնում ենք իրազեկման ակցիաներ և ակնհայտ երևում է, որ շատ մարդիկ, ինչքան էլ զարմանալի է, տեղեկացված չեն, այդ իսկ պատճառով լավ է, որ մենք այս աշխատանքը անում ենք:

Երկրորդ մեծագույն խնդիրներից մեկը այն է, որ  մարդիկ ունեն մեր ֆիզիկական ներկայության և աջակցության կարիքը: Ոչ թե որովհետև վախենում են կամ իրենց մեկը սպառնում է, այլ մեր ազգի կեցվածքի հետ չի բռնում նստել չվճարելը: Մարդկանց հարցնում ես՝ դե՞մ եք,  ասում են՝ այո, ասում ենք՝ վճարե՞լ եք, ասում են՝ դե ամաչում ենք: Դրա համար մենք այստեղ գալիս ենք մարդկանց ասում ենք, որ ամոթը պետք է զգա նա, ով այս թալանն անում է չպետք է ամաչեն մարդիկ, որոնք թալանվում են»,-ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: