երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մարդասիրական առաքելությունը միակողմանի ճանապարհ է. հետդարձի հնարավորություն չկա. «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դինայի

Մարդասիրական առաքելությունը միակողմանի ճանապարհ է. հետդարձի հնարավորություն չկա. «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դինայի

Իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային, որը մարդասիրական գործունեության համար 2019 թվականին դարձել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, պարբերաբար այցելում է Հայաստան:

Ասում է, որ սիրում է մեր երկիրը, սիրում է Երևանը, որի փողոցներով հաճույքով է շրջում: 2022-ին Միրզա Դինային Հայաստան էր ժամանել որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային մրցութային ծրագրի» ժյուրիի անդամ:
 
«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը բաց չեն թողել առիթը, հանդիպել են Միզա Դինայիի հետ, խոսել կինոփառատոնի, Հայաստանում, Արցախում և Իրաքում ծավալած գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:
 
Դինային խոստովանում է, որ առաջինանգամ է ընդգրկվում կինոփառատոնի ժյուրիի կազմում: Նրան հրավիրել են մասնակցելու «Ոսկե ծիրանին», որպեսզի ֆիլմերը դիտարկի մարդասիրության, մարդու իրավունքների պաշտպանության և դրանց հեռանկարների տեսանկյունից: «Իրականում շատ ուրախ եմ, որ միջազգային և հեղինակավոր կինոփառատոնի մի մասն էի: Իմ դիտած բոլոր ֆիլմերը լավն էին։ Պետք է  նշեմ, որ մարդու իրավունքներն ու մարդասիրությունը լավ հարաբերություններ ունեն կինոաշխարհի հետ: Որպես մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան, մեծ ուշադրություն եմ դարձնում ֆիլմերին հենց այդ կողմից: Շատ կարևոր է, որ կինոն, մեդիան լինեն այն հարթակները, որոնք կանդրադառնան մարդու իրավունքների խախտումների յուրաքանչյուր դեպքի»,-շեշտում է Միրզա Դինային ու ողջունելի համարում այն, որ կինոարտադրության ոլորտում կան ֆիլմեր, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների ոտնահարման մասին ու ընդգծում են մարդասիրության կարևորությունը:
 
Նա ափսոսանքով է փաստում, որ աշխարհում շատ են աղետները, հակամարտությունները, որոնց պատճառով անմեղ մարդիկ են տառապում: Ափսոսում է, որ շատերը ցավ են պատճառում անօգնական մարդկանց, բռնության են ենթարկում նրանց, և այդ ամենի հետևանքները շատ մտահոգիչ են Դինայիի համար:
 
Իրավապաշտպանը հնարավորություն է ունեցել լինել նաև Արցախում, զրուցել է տեղի բնակիչների հետ՝ փորձելով պարզել նրանց խնդիրները:
 
Դինային  Արցախ է այցելել 44-օրյա պատերազմից հետո: «Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, աշխարհաքաղաքական խնդիր է: Արցախը դիպել է իմ սրտին: Այնտեղ գնալով՝ նորից սկսեցի մտածել, թե ինչու պետք է հազարավոր անմեղ մարդիկ տառապեն դաժան պատերազմներից, ինչու պետք է ստիպված լքեն իրենց տները: Ըստ իս՝ միջազգային հանրությունը պետք է միջամտի այս հարցին և փորձի խաղաղ ճանապարհով լուծել Արցախի հարցը: Խնդրի խաղաղ հանգուցալուծումը միջազգային հանրության պարտավորությունն  է: Մարդիկ պետք է կարողանան  ապրել բնականոն կյանքով և արարել իրենց հողում»,-շեշտում է նա:
 
Դինայիի խոսքով՝ «Ավրորա» նախաձեռնությունը բազմաթիվ մարդասիրական աջակցման ծրագրեր է իրականացնում Արցախում պատերազմից հետո, և ինքն ուրախ է այդ ծրագրերի մասը լինել: «Ես ղեկավարում եմ «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը, որն օգնում է հոգեբանական և այլ ճնշումների ենթարկված երեխաներին ու կանանց: Դիլիջանի միջազգային դպրոցի հետ համատեղ այնտեղի դասախոսների համար դասընթացներ ենք կազմակերպել: Այդ դպրոցում սովորում են աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց երկրներում եղել և լինում են հակամարտություններ: Դասընթացներն անցկացրել ենք, որ դասախոսները կարողանան ճիշտ աշխատել նման խնդիրներ ունեցած երեխաների հետ: Ցանկանում էինք նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալ նաև Արցախի դպրոցներից մեկում, սակայն, պատերազմից հետո տեղաշարժման սահմանափակումների պատճառով գաղափարը դեռ չենք իրագործել: Չի բացառվում, որ ապագայում նման բան անենք»,-ընդգծում է իրավապաշտպանը:
 
Անդրադառնալով 2019-ին «Ավրորա» մրցանակին արժանանալուն՝ նա ասում է՝ երբևէ չի ակնկալել, որ  աշխարհի որևէ ծայրում որևէ մրցանակի կարժանանա: Նշում է, որ Իրաքում ենթարկվում են խտրականության, իսկ եթե փոքրամասնություն ես և ակտիվիստ, կրկնակի խտրականության ես ենթարկվում: «Մարդու իրավունքների պաշտպանությունն ու մարդասիրական առաքելությունն ասես միակողմանի ճանապարհ լինեն. եթե որոշում ես անցնել այդ ճանապարհով, ետդարձի հնարավորություն չկա: Պետք է մինչև վերջ գնաս ու հասնես նպատակներիդ, իսկ եթե այդ ճանապարհին մրցանակի ես արժանանում, շոյվում ես: «Ավրորա» մրցանակը, որը հանրահռչակում է իմ և ինձ նման այլ մարդկանց կարևոր գործունեությունը, նշանակալի է: Այդ նախաձեռնությունը քաղաքականացված չէ: Այն փորձում է անդրադառնալ աշխարհում բոլոր կարևոր մարդասիրական խնդիրներին ու խոսել այն մարդկանց մասին, որոնք իրենց կյանքը նվիրել են մարդասիրական գործունեությանը և հաճախ ռիսկի են ենթարկում սեփական կյանքը: Եթե մենք չունենայինք մրցանակ, մի օր գուցե մեզ սպանեին, բայց հեշտ, և ոչ ոք չէր իմանա այդ մասին, իսկ եթե մրցանակակիր ես, քեզ էլի մի օր գուցե սպանեն, բայց ավելի դժվար կլինի դա անելը»,-ժպիտով շեշտում է Դինային:
 
Նա «Ավրորա» նախաձեռնության շնորհիվ ստացած գումարի մեծ մասն ուղղել է Սինջարում (Իրաք) մշակութային կենտրոն կառուցելուն, որը կոչվում է «Համակեցության կենտրոն»:
 
Նա հիշեցնում է, որ 2014-ին Իրաքում եզդիների ցեղասպանությունից հետո բազմաթիվ խնդրներ են առաջ եկել Իրաքի հանրության շրջանում, և մշակութային կենտրոնի նպատակն է հակամարտությունների հետևանքով տուժած մարդկանց օգնել վերականգնվել, նոր հմտություններ ձեռք բերել: Եռահարկ շենքը, որի պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ տարի, ունի 2 հա տարածք զբաղեցնող գեղեցիկ հանրային այգի: Կենտրոնի գլխավոր սրահն անվանել են «Արարատ»՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից: Յուրաքանչյուր դահլիճ կրում է մարդու իրավունքների պաշտպանության որևէ ակտիվիստի անուն:
 
Միրզա Դինային համացանցով մեզ ցույց տվեց շինության և հարակից այգու լուսանկարները: Այգին խաչի տեսք ունի: Այգում հնարավոր է գտնել Իրաքի ազգային փոքրամասնությունների և կրոնների մի շարք խորհրդանիշեր: Այգում տնկել են ավելի քան 500 ծառ և 700 ծաղիկ: «Մարդկանց փրկելն իմ կյանքի մի մասն է: Ընտրել եմ այդ ուղին, որովհետև իմ կյանքի պատմությունն է դա թելադրել: Մարդկանց օգնելու եմ մինչև իմ կյանքի վերջը»,-վստահեցնում է Միրզա Դինային:
 
«Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր և տնօրեն, եզդի ակտիվիստ Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց և երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից,  տրամադրելով նրանց աջակցություն և վերականգնողական բուժում: Նա անձամբ է օգնել  ապահով վայր տեղափոխել մարդկանց, սնունդ և ջուր հասցրել մեկուսացած գոտիներում գտնվող եզդիներին: Նրան ետ չի պահել նույնիսկ ուղղաթիռի վթարը:
 
Միրզա Դինային ծնվել է մեծ հարգանք վայելող եզդիների ընտանիքում: Նա սովորում էր ավագ դպրոցում, երբ սկսեց պատմություններ գրել եզդիների և նրանց կրած հալածանքների մասին: Իր համայնքին օգնելու մտադրությամբ ընդունվեց բժշկական համալսարան և միացավ Մոսուլում գործող ուսանողական խմբին, որը բողոքի ցույցեր էր իրականացնում Իրաքի քաղաքական ռեժիմի դեմ: Անհանգստանալով սեփական կյանքի անվտանգության համար՝ 1992-ին Դինային ստիպված էր փախչել Իրաքյան Քուրդիստան: Երբ այնտեղ սկսվեց քաղաքացիական պատերազմը, նա ապաստան խնդրեց Գերմանիայից, որտեղ դարձավ եզդի համայնքի նշանավոր դեմքերից մեկը: Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո Միրզա Դինային դարձավ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի՝ փոքրամասնությունների հարցերով խորհրդական:
 
2019 թվականի հոկտեմբերի 19-ին Միրզա Դինային դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Նրա անունը հայտարարվեց Երևանում 2019 թվականին «Ավրորա» ֆորումի ընթացքում անցկացվող մրցանակի շնորհման արարողությանը:
 

  • Կիսվել: