հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մանուկյանի ակումբի անունը կարող էր նաև պոչամբար լինել, ավելի լայն ճանաչում ձեռք կբերեր. ԱԺ պատգամավոր

Մանուկյանի ակումբի անունը կարող էր նաև պոչամբար լինել, ավելի լայն ճանաչում ձեռք կբերեր. ԱԺ պատգամավոր

Վազգեն Մանուկյանի հավաքի և ակումբի անունն արդեն իսկ նրա գործունեության անփառունակ վախճան է գուժում, PrimeNews.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Նրա խոսքով, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծված Վերնատուն գրական ակումբը չի կարող որևէ ընդհանրություն ունենալ «Վազգեն Մանուկյանի խմբակցի հետ»։

«Այս մարդիկ էլ իրար հետ կապ չունեցող մարդիկ են, որոնք հավաքվել են՝ առանց որևէ գաղափարական հենքի կամ լուսավոր ուղու և փորձեր են անելու վատաբանել իշխանությանը։ Այս ակումբի անունը կարող էր նաև պոչամբար լինել, ավելի լայն ճանաչում ձեռք կբերեր», -ասաց Դավոյանը։

Դիտարկմանը, թե Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հավաքում իշխանությունների հասցեին մեղադրանքներ են հնչել, որ նրանց ընտրած ճանապարհը տանում է «անմակարդակ, ոչ ազգային բռնապետության», հիշել էին նաև 1937 թիվը, Դավոյանը արձագանքեց. «37 թվի հետ համեմատությունները այնքան արհեստական է և անհետաքրքիր, որ իրենք էլ դա լավ գիտեն, սակայն ասում են՝ ասելու համար։ Եթե 37 թիվ լիներ, ապա նման ակումբ չէր լինի, նման մարդիկ աջ ու ձախ չէին խոսի, սուտ և զազրելի վերլուծություններ չէին անի»։

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե Հայաստանն այսքան բզկտված երբեք չի տեսել և ի՞նչ համերաշխության մասին կարելի է խոսել, Արփի Դավոյանը նկատեց, որ այժմ ամեն ինչ հակառակն է. «Հայաստանը երբևէ այսքան համերաշխ չի եղել, ՀՀ քաղաքացիները համերաշխ են իշխանության վարած քաղաքականության հետ, քանի որ այդ քաղաքականության հիմքում դրված է ՀՀ քաղաքացու արժանապատիվ կյանքը և ազատ միտքը»։

Մեր հարցին, թե արդյոք իշխանական թիմի կողմից սև-սպիտակի բաժանումը ընդդիմախոսների կողմից մատնանշվող անհամերաշխության հիմքը չդրեց, Արփի Դավոյանը պատասխանեց. «Սևերի և սպիտակների պատմությունը մի քիչ այլ է։ Շատերն ինքնակամ սևեր ինքնահռչակվեցին և սկսեցին վայնասուն բարձրացնել, որ երկիրը բաժանվել է սևերի ու սպիտակների, որ հասարակությունը պառակտված է, որ ամեն ինչ շատ վատ է, սկսեցին փրկություն աղերսել տարբեր կողմերից։

Բայց այս ամենը միայն մեկ բացատրություն ունի՝ ինքնահռչակ սևերը այլևս հեռու են իշխանական լծակներից, պետական բյուջեից և չեն կարողանում ապրել այնպես, ինչպես սովոր են և որոշել էին ապրել մոտակա 20 տարին։ Երբ ասում էին վարչապետ դառնալու ճանապարհն անցնում է Մելիք Ադամյանով, այն ժամանակ էլ էին սև, հավատացեք...ուղղակի, «նա վսյակի» չէին ասում»։

  • Կիսվել: